Հին ժամանակներից մինչև մեր օրեր ադամանդները գերել են մարդու երևակայությունն ու եղել միշտ ցանկալի: Բայց ինչպե՞ս են այս թանկարժեք քարերը դարձել այդքան խորհրդանշական:
Ադամանդի արդյունահանման և առևտրի ժամանակակից դարաշրջանը սկսվեց 19-րդ դարում, երբ հայտնի Էվրիկա ադամանդը հայտնաբերվեց Հարավային Աֆրիկայում։ Այս հայտնագործությունը հանգեցրեց ադամանդի արդյունահանման լայնածավալ գործունեության: Հենց այս ժամանկներում էր, որ Սեսիլ Ռոդսը հիմնադրեց “De Beers Consolidated Mines”-ը 1888 թ: Դե Բիրսը շուտով գրեթե մենաշնորհ հաստատեց աշխարհի ադամանդագործության ոլորտում։ Ռազմավարական քայլերի, մարքեթինգի և մատակարարման վերահսկման միջոցով Դե Բիրսը ստեղծեց ադամանդի սակավության պատրանք՝ ուռճացնելով դրանց արժեքն ու ցանկալիությունը:
1947 թ. Դե Բիրսը սկսեց բոլոր ժամանակների ամենահաջող գովազդային արշավներից մեկը։ Արշավի կարգախոսն էր՝ «Ադամանդը հավերժ է»: Այս կարգախոսը ներկայացնում էր այն գաղափարը, որ ադամանդները, ինչպես սերը, հավերժ են և անկոտրում: Արշավը ներկայացրեց ադամանդե մատանիները՝ որպես սիրո և նվիրվածության կարևորագույն խորհրդանիշ: Դե Բիրսը գովազդեց ադամանդները տարբեր լրատվամիջոցների միջոցով, օգտագործեց թերթերը, ամսագրերը, ռադիոն, իսկ ավելի ուշ՝ նաև հեռուստատեսությունը: Դե Բիրսը նաև օգտագործեց Հոլիվուդի ազդեցությունը՝ ֆիլմերում ադամանդե մատանիների և հատկապես ամուսնության առաջարկության հետ կապված կադրեր տեղադրելով։ Արշավը հաջողությամբ ստեղծեց սոցիալական նորմեր առ այն, որ տղամարդը պետք է ծախսի առնվազն երկու ամսվա աշխատավարձը նշանադրության ադամանդե մատանու վրա: Շուտով ադամանդե նշանադրության մատանիները դարձան համաշխարհային երևույթ: Արշավն օգնեց Դե Բիրսին գերիշխել ադամանդի շուկայում և զգալիորեն մեծացրեց ադամանդի համաշխարհային վաճառքը:
20-րդ դարի առաջին կեսը հրաշալի էր Դե Բիրսի համար։ Սակայն 20-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվեց հանքարդյունաբերության տեխնոլոգիաների առաջընթացով և ադամանդի նոր աղբյուրների հայտնաբերմամբ: 1950-ական թվականներին Սիբիրում ադամանդի խոշոր հանքավայրեր հայտնաբերվեցին։ Ադամանդի հանքավայրեր հայտնաբերվեցին նաև այլուր, մասնավորապես 1980-ականներին Ավստրալիայում, իսկ 1990-ականներին Կանադայում: Ադամանդների նոր աղբյուրների հայտնաբերումը և մրցակիցների աճը նվազեցրին Դե Բիրսի շուկայական մասնաբաժինը: Թեև այն այլևս մենաշնորհ չունի և միակ խոշոր խաղացողը չէ այս շուկայում, Դե Բիրսը շարունակում է զգալի մասնաբաժին ունենալ ադամանդի համաշխարհային շուկայում: Ըստ վերջին գնահատականների, Դե Բիրսին բաժին է ընկնում համաշխարհային չմշակված ադամանդի /ալմաստի/ արտադրության մոտ 34-35 տոկոսն ըստ արժեքի։ Դե Բիրսը և ռուսական Ալռոսան միասին վերահսկում են ադամանդի/ալմաստի/ համաշխարհային մատակարարման մոտ երկու երրորդը: Եթե այս պատկերին ավելացնենք մի քանի այլ խոշոր խաղացողների, ինչպիսիք են Rio Tinto-ն, Petra Diamonds-ը, Catoca-ն և Dominion Diamond Mines-ը, ապա կստանանք ադամանդի համաշխարհային արտադրության ավելի քան 76 տոկոսը: Այս ընկերությունները հիմնականում գործում են Բոտսվանայում, Անգոլայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, այլ Աֆրիկյան երկրներում, Ռուսաստանում, Ավստրալիայում և Կանադայում։
Ադամանդի արդյունաբերությունը բարդ գլոբալ ցանց է, որը ներառում է խոշոր հանքարդյունաբերական ընկերություններ, արտադրող երկրներ և բարդ տնտեսական կապեր: Օրինակ, Բելգիան և Հնդկաստանը ադամանդ հանքարդյունահանող չեն, բայց Բելգիան և Հնդկաստանն ադամանդի առևտրի ամենամեծ կենտրոններից են: Հոնկոնգը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսրայելը և Ճապոնիան ևս հանդիսանում են աշխարհի խոշոր ադամանդի առևտրի կենտրոններ։
Ադամանդի արդյունաբերությունը զգալիորեն ազդում է արտադրող և բաշխող երկրների տնտեսությունների վրա: Օրինակ, ադամանդները կազմում են Բոտսվանայի արտահանման եկամուտների մոտ 80 տոկոսը և Բոտսվանայի ՀՆԱ-ի մոտավորապես մեկ երրորդը: Ադամանդի արդյունաբերությունն օգնել է Բոտսվանան աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկից վերածել միջին եկամուտ ունեցող երկրի: Ինչպե՞ս: Ադամանդի եկամուտների կառավարման և ժողովրդավարական պրակտիկան, թափանցիկությունը վճռորոշ է եղել երկրի հաջողության համար: Ադամանդից ստացված եկամուտները պետությունը ներդրել է ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության և սոցիալական ծառայությունների ոլորտներում, ինչի արդյունքում բարելավվել են գրագիտության մակարդակը և առողջապահական արդյունքները: Չնայած ադամանդները շարունակում են մնալ Բոտսվանայի տնտեսության հիմնաքարը, կառավարությունն աշխատում է դիվերսիֆիկացնել տնտեսությունը և զարգացնել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, արտադրությունը և ֆինանսական ծառայությունները: Բոտսվանան ցույց է տալիս, որ ռեսուրսներով հարուստ երկրները կարող են օգտագործել իրենց ռեսուրսները՝ կայուն զարգացում ապահովելու համար:
Վերջին տասնամյակներում ադամանդի արդյունաբերությունը բախվում է մարտահրավերների՝ կապված հանքարդյունաբերության սարսափելի պրակտիկայի և «արյունոտ ադամանդների» հետ: Որոշ հատվածնումներում, հատկապես որոշ աֆրիկյան երկրներում ադամանդները հաճախ են վաճառվում զինված հակամարտությունները ֆինանսավորելու համար։ Սրա վառ օրինակներ են Սիերա Լեոնեի 1991-ից մինչև 2002 թվականների քաղաքացիական պատերազմը /որը հանգեցրեց ավելի քան 500,000 զոհերի և զգալի ենթակառուցվածքների ոչնչացման/, Լիբերիայի քաղաքացիական պատերազմները /որոնք հանգեցրին հարյուր հազարավոր մարդկանց մահվան և զանգվածային տեղահանությունների/, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում քաղաքացիական պատերազմը /մոտ 5 միլիոն զոհ/ և այլն։ Ադամանդները, ցավոք, մեծ դեր են խաղացել այս արյունահեղություններում։
Սակայն պատմությանը հայտնի են նաև ադամանդներ, որոնց շնորհիվ պետությունները խուսափել են հակամարտություններից։ Նման ադամանդներից է Շահ Ադամանդը: 1829 թ. հունվարի 30-ին մոլեռանդ մուսուլմաննրի խառնամբոխը հարձակվեց Պարսկաստանում Ռուսաստանի դեսպանատան վրա: Ռուս դիվանագետ և գրող Ալեքսանդր Գրիբոյեդովը և դեսպանատան 37 աշխատակիցներ սպանվեցին բռնությունների ժամանակ։ Գրիբոյեդովի սպանությունը Ռուսաստանում զայրույթ առաջացրեց։ Նիկոլայ Առաջին ցարը հատուցում պահանջեց։ Պարսկաստանի դեմ ռազմական գործողությունները կարծես թե կարող էին հնարավոր տարբերակ դառնալ։ Դիվանագիտական սկանդալը հարթելու նպատակով Պարսկաստանի Ֆաթհ Ալի Շահն իր թոռնիկին՝ Խոսրով Միրզային, ուղարկեց Սանկտ Պետերբուրգ՝ ներողություն խնդրելու և ցար Նիկոլայ Առաջինին նվերներ փոխանցելու։ Նվերների շարքում էր նաև Շահ Ադամանդը։ Շահ Ադամանդը հանձնվեց Նիկոլայ Առաջին ցարին, և նման արժեքավոր նվերը հարթեցրեց ամեն ինչ:
Ադամանդների մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիտել մեր տեսանյութն այստեղ
Comments