top of page
Writer's pictureDr. Yeva Aleksanyan

Գենետիկական բազմազանությունը և տնտեսական զարգացումը

Updated: Nov 13, 2024

Այսօրվա աշխարհը լի է հակադրություններով։ Մինչ որոշ ազգեր բարգավաճում և արագ զարգանում են, մյուսները պայքարում են աղքատության ու թերզարգացման դեմ։ Տասնամյակներ շարունակ տնտեսագետները փորձել են բացատրել այս անհավասարության պատճառները՝ առաջարկելով տարբեր բացատրություններ, ներառյալ աշխարհագրական դիրքը, պետական ինստիտուտները, մշակույթը, մարդկային կապիտալը, գաղութային պատմությունը և գլոբալացումը։

2011 թվականին տնտեսագետներ Օդեդ Գալորը և Քուամրուլ Աշրաֆն իրենց «Աֆրիկայից դուրս. մարդու գենետիկական բազմազանությունը և համեմատական տնտեսական զարգացումը» աշխատությունում ներկայացրին նոր տեսություն։ Ըստ նրանց՝ մոտ 70,000 տարի առաջ Աֆրիկայից հոմոսապիենսի միգրացիայի արդյունքում մարդկային խմբեր հայտնվեցին աշխարհի տարբեր ծայրերում։ Սա ձևավորեց տարբեր տարածաշրջանների բնակիչների գենետիկական կառուցվածքը՝ թողնելով տևական ազդեցություն տնտեսական զարգացման վրա։



Գենետիկական բազմազանությունը՝ որպես երկսայրի սուր

Գալորն ու Աշրաֆը պնդում են, որ Աֆրիկայից հեռանալու հետ մեկտեղ տարբեր խմբերի գենետիկական բազմազանությունը նվազել է: Այս փոփոխությունը, ըստ նրանց, երկարաժամկետ ազդեցություն է ունեցել տնտեսական զարգացման վրա։

Ինչպե՞ս։ Գենետիկական բազմազանությունը մեծացնում է հարմարվողականությունը՝ ապահովելով բնական ընտրության համար տարբեր հատկանիշներ։ Այն հնարավորություն է ընձեռում բնակչությանը հարմարվել փոփոխվող միջավայրին և խթանում է նոր տեխնոլոգիաների զարգացումն ու կիրառումը՝ նպաստելով արտադրողականության աճին։

Մյուս կողմից, գենետիկական բազմազանությունը կարող է խոչընդոտել սոցիալական համախմբվածությունն ու համագործակցությունը։  Հարազատների ընտրության տեսությունը ենթադրում է, որ ավելի սերտ գենետիկական կապերը խթանում են թիմային աշխատանքը և ընդհանուր գոյատևման զգացումը։ Այսպիսով, չնայած բազմազանությունը մեծացնում է հարմարվողականությունը, այն կարող է նաև նվազեցնել արտադրողականությունը՝ սոցիալական համախմբվածության պակասի պատճառով։

Գենետիկական բազմազանության «օպտիմալ կետ»

Ըստ Գալորի և Աշրաֆի, և՛ չափազանց շատ, և՛ շատ քիչ գենետիկական բազմազանությունը կարող է խոչընդոտել տնտեսական զարգացմանը։ Նրանք գտնում են, որ տնտեսական զարգացման համար գոյություն ունի գենետիկական բազմազանության «օպտիմալ կետ»։ Հասարակությունները, որոնք ունեցել են միջին մակարդակի գենետիկական բազմազանություն, օրինակ՝ Եվրոպայում և Ասիայում, հաջողությամբ օգտվել են այս «օպտիմալ կետից»։ Նման մակարդակի բազմազանությունը խթանել է հարմարվողականությունն ու նորարարությունը՝ նպաստելով նոր գաղափարների և տեխնոլոգիաների ադապտացիային։ Միևնույն ժամանակ, գենետիկական բազմազանությունը նման վայրերում չափավոր է եղել՝ հնարավորություն ընձեռելով խուսափել անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու ցածր մակարդակի համագործակցությունը։

Գաղութատիրության ազդեցությունը

Գալորը և Աշրաֆը նաև ուսումնասիրել են, թե ինչպես է եվրոպական գաղութատիրությունը փոխել զարգացման ընթացքը։ Գաղութացման գործընթացը բերեց բնակչության խոշոր տեղաշարժերի, որոնք փոփոխեցին որոշ շրջանների գենետիկական կառուցվածքը։ Օրինակ՝ եվրոպացի վերաբնակիչների և ստրկացված բնակչության գաղթը դեպի գաղութացված տարածքներ փոխեց այդ շրջանների գենետիկ բազմազանությանը՝ մոտեցնելով տնտեսական զարգացման համար օպտիմալ կետին և նպաստելով որոշ նախկինում հետամնաց շրջանների առաջընթացին։

Ինչու՞ է այս ուսումնասիրությունը կարևոր

Գալորի և Աշրաֆի հետազոտությունը վկայում է, որ գենետիկական բազմազանությունը շարունակում է էական ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա։ Այն երկրները, որոնք կարողանում են պահպանել համագործակցության և բազմազանության միջև առողջ հավասարակշռություն, առավելագույնս բացահայտում են իրենց տնտեսական ներուժը։ Այսօր, երբ ներգաղթի հարցը դարձել է կարևոր թեմա շատ երկրների համար, այս ուսումնասիրությունը նոր տեսանկյուն է առաջարկում՝ ընդգծելով բազմազանության օգուտներն ու մարտահրավերները և ցուցադրելով, թե ինչպես կարող է գենետիկական բազմազանությունը ազդել զարգացման երկարաժամկետ ուղու վրա։

Հակասություններ և քննարկումներ

Ինչպես ցանկացած նոր տեսություն, Գալորի և Աշրաֆի աշխատանքը բուռն քննարկումների առարկա է դարձել։ Որոշ մասնագետներ պնդում են, որ այն չափազանց պարզեցնում է տնտեսության վրա ազդող բարդ գործոնները՝ անտեսելով ինստիտուտների, մշակույթի և կառավարման կարևորությունը։ Այնուամենայնիվ, այս տեսությունը առաջարկում է նոր մոտեցում հարստության, անհավասարության և բարգավաճման հիմքերի վերաբերյալ։ Այն ստիպում է խորհել, թե ինչպես է մարդկության վաղ անցյալը շարունակում ձևավորել մեր ներկան և, հնարավոր է, նաև մեր ապագան։

Recent Posts

See All

Comments


bottom of page