top of page
Writer's pictureDr. Yeva Aleksanyan

Գենի խմբագրման տեխնոլոգիայի ընձեռած հնարավորություններն ու վտանգները

Updated: Oct 20, 2024

Դարեր շարունակ մարդկությունը փնտրել է կյանքի գաղտնիքները բացահայտելու բանալին: Այսօր այդ երազանքը կարծես իրականություն է դառնում գենի խմբագրման տեխնոլոգիայի շնորհիվ։ Այս հզոր գործիքը կարող է արմատապես փոխել առողջապահությունը, վերափոխել գյուղատնտեսությունը և վերաիմաստավորել մեր ապագան: Սակայն, ինչպես բոլոր մեծ հայտնագործությունները, գենի խմբագրումը ևս իր հետ բերում է էթիկական և անվտանգության խնդիրներ, որոնք անխուսափելի են տեխնոլոգիայի արագ զարգացման պայմաններում։


 

Գենի խմբագրումը1

Գենի խմբագրումը կարելի է պատկերացնել որպես մոլեկուլային մկրատ, որը թույլ է տալիս կտրել կամ փոխարինել հատուկ գեները։ Այն համարվում է «ԴՆԹ-ի կտրում-կպցնում» տեխնոլոգիա, որը գիտնականներին հնարավորություն է տալիս փոխել գենի հաջորդականությունները, շտկել գենետիկական թերությունները և բուժել բարդ հիվանդությունները։ Թեև գենի խմբագրումը նոր երևույթ չէ, նախկին մեթոդները դանդաղ էին, թանկարժեք և ոչ միշտ հուսալի։ Սակայն մոտ մեկ տասնամյակ առաջ գիտնականներ Էմանուել Շարպանտիեն և Ջենիֆեր Դուդնան հայտնաբերեցին CRISPR-Cas9 տեխնոլոգիան, որը այսօր արդեն թույլ է տալիս գիտնականներին մեծ ճշգրտությամբ փոփոխություններ կատարել ցանկացած օրգանիզմի, ներառյալ մարդկային ԴՆԹ-ում։

Ինչո՞ւ է գենի խմբագրումն այդքան ուշագրավ

Գեները՝ ԴՆԹ-ի այդ միկրո շղթաները, վերահսկում են ամեն ինչ՝ մեր արտաքին տեսքից մինչև մեր օրգանիզմի գործունեությունը: Սակայն երբեմն մեկ գենի շեղումը կարող է հանգեցնել ծանր հիվանդությունների: Թեև բժշկությունը մեծ առաջընթաց է գրանցել հիվանդությունների բուժման հարցում, բայց կան հիվանդություններ, որոնք դեռևս մնում են անբուժելի: Եվ ահա այստեղ է, որ CRISPR-Cas9 գենի խմբագրման տեխնոլոգիայի դերը կարող է բավական մեծ լինել:

Բժշկության ոլորտում առաջընթաց և իրական հաջողություններ

CRISPR տեխնոլոգիան, որը նախկինում թվում էր գիտաֆանտաստիկա, այսօր արդեն փոխակերպում է բժշկությունը։ Որպես օրինակ, կարելի է խոսել մանգաղաբջջային սակավարյունության մասին։ Սա արյան ժառանգական հիվանդություն է, որն առաջանում է հեմոգլոբինի կառուցվածքի խախտման հետևանքով՝ դժվարացնելով թթվածնի փոխադրումը։ Արդյունքում, հիվանդների մոտ կարող են ի հայտ գալ մի շարք լուրջ խնդիրներ, ինչպիսիք են՝ ցավային գրոհներ, անեմիա, ինֆեկցիաներ և ինսուլտ։ Մինչև վերջերս այս հիվանդության համար քիչ արդյունավետ բուժում էր հասանելի, սակայն 2019 թվականին Վիկտորյա Գրեյ անունով կինը ԱՄՆ-ում դարձավ գենի խմբագրման թերապիայի առաջին հաջողված փորձի մասնակիցը։ CRISPR-Cas9 տեխնոլոգիայի միջոցով նրա ոսկրածուծի բջիջները խմբագրվեցին, ինչի արդյունքում նրա օրգանիզմը սկսեց արտադրել առողջ կարմիր արյան բջիջներ։

Էթիկական խնդիրներ և հակասություններ

2018 թվականին, չինացի գիտնական Հե Ցզյանկուին ցնցեց աշխարհը՝ հայտարարելով առաջին գենային խմբագրմամբ երեխաների ստեղծման մասին։ Օգտագործելով CRISPR-Cas9 տեխնոլոգիան, նա փոփոխեց երկվորյակ աղջիկների սաղմերը՝ նպատակ ունենալով նրանց դարձնել դիմակայուն ՄԻԱՎ-ի նկատմամբ, քանի որ նրանց հայրը հիվանդ էր ՄԻԱՎ-ով։ Այս գործողությունները լայնորեն քննադատվեցին միջազգային մակարդակում՝ հիմնականում այն պատճառով, որ հարց առաջացավ՝ ի՞նչ անկանխատեսելի առողջական խնդիրներ կարող են առաջանալ գենի փոփոխություններից ոչ միայն այս երեխաների, այլև նրանց ապագա սերունդների մոտ։

Անվտանգության Վտանգներ

Գենի խմբագրումը դեռևս ամբողջությամբ անվտանգ չէ. այն կարող է առաջացնել անցանկալի հետևանքներ և ռիսկեր։ Նույնիսկ հաջող արդյունքների դեպքում գենի խմբագրումը հիմնականում արդյունավետ է մեկ գենի խանգարումների դեպքում, մինչդեռ բազմաթիվ հիվանդություններ առաջանում են մի քանի գեների փոփոխությունների հետևանքով։ Գիտնականները, սակայն, հույս ունեն, որ տեխնոլոգիայի զարգացմանը զուգահեռ կկարողանան միաժամանակ խմբագրել մի քանի գեն՝ բարձրացնելով ինչպես արդյունավետությունը, այնպես էլ անվտանգության մակարդակը։

Դիզայներ Մանուկներ

Գենի խմբագրումը առաջ է բերում նաև սոցիալական և էթիկական խնդիրներ։ Հնարավոր է, որ ապագայում այս տեխնոլոգիայի օգնությամբ ծնողները ցանկանան ընտրել իրենց երեխաների գեները՝ փոխելով նրանց հատկությունները՝ սկսած ինտելեկտից մինչև արտաքին տեսք։ Այս դեպքում էթիկական հարցը կայանում է հետևյալում՝ որտե՞ղ է սահմանագիծը, և արդյո՞ք գիտությունը պետք է թույլ տա նման միջամտություններ։

Գենի խմբագրան ապագան

Չնայած բոլոր այս խնդիրներին, գեների խմբագրումը կարող է դառնալ ավելի առողջ, ավելի լուսավոր ապագայի բանալին: Այն կարող է հնարավորություն ընձեռել վերացնել ժառանգական հիվանդությունները, երկարացնել կյանքի տևողությունը և բարելավել միլիոնավոր մարդկանց կյանքի որակը։ Սակայն այս տեխնոլոգիան կդառնա նման բանալի միայն այն դեպքում, եթե մարդկությունը կարողանա այն ճիշտ օգտագործել՝ գիտակցելով ոչ միայն դրա աննախադեպ հնարավորությունները, այլև հնարավոր հետևանքները։


  1. Կիրառվում է նաև "գենոմի խմբագրում" եզրը


Commentaires


bottom of page