top of page
Writer's pictureDr. Yeva Aleksanyan

Իսրայելա-իրանական հարաբերությունները

Ապրիլի 13-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի, լիբանանյան Հեզբոլլահի և Եմենի հութիների հետ հետ համագործակցությամբ, լայնածավալ հարձակում իրականացրեց Իսրայելի ուղղությամբ։ Այս հարձակումն Իրանի պատասխանն էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության կից տարածքի վրա իսրայելական ավիահարվածի համար: Ի պատասխան Իրանի հարձակման՝ ապրիլի 18-ին Իսրայելը հարվածեց Սպահանի հիմնական ավիաբազայի ուղղությամբ, որտեղ գտնվում է իրանական օդեային ուժերին պատկանող ամերիկյան արտադրության F-14-երը և Իրանի միջուկային ծրագրի համար կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները:



Իսրայելի և Իրանի հարաբերությունները միշտ չէ, որ այսքան լարված են եղել: 1940-ականների վերջերին և 1950-ականների սկզբներին Իսրայել-Իրան հարաբերությունները համեմատաբար ցածր մակարդակի վրա էին: Սակայն Իրանում 1953թ․ պետական հեղաշրջումը փոխեց երկու երկրների միջև հարաբերությունների վեկտորը: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ իրականացված պետական հեղաշրջման արդյունքում տապալվեց վարչապետ Մոհամմադ Մոսադեղի կառավարությունը: Արևմուտքը վերականգնեց միապետությունը և արևմտամետ շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի իշխանությունը։ Նման փոփոխությունը զգալիորեն բարելավեց նաև Իրանի և Իսրայելի հարաբերությունները։ Իսրայելը և Իրանը սկսեցին դիտարկել միմյանց որպես ռազմավարական դաշնակիցներ՝ ընդհանուր տարածաշրջանային սպառնալիքների դեմ։ Նման սպառնալիք երկու երկրների համար էլ, օրինակ, հանդիսանում էր Եգիպտոսը: Իրանը նույնիսկ դարձավ Իսրայելի համար նավթի կարևորագույն մատակարար` ամրապնդելով Իսրայելի էներգետիկ անվտանգությունը:

1970-ականների կեսերին Իսրայելը և Իրանն արդեն համագործակցում էին ռազմական, տնտեսական և հետախուզական ոլորտներում։ Իրանական նավթի դիմաց Իսրայելն օգնեց Իրանին զարգացնել հրթիռային տեխնոլոգիաների ոլորտը: Բացի իրանական բանակի արդիականացմանն աջակցելուց, Իսրայելը նաև զենք վաճառեց Իրանին և օգնեց մարզել Իրանի անվտանգության ուժերը: Իսրայելի գաղտնի ծառայությունը՝ Մոսադը, և Իրանի հետախուզության և անվտանգության ծառայությունը՝ Սավակը, սերտորեն համագործակցում էին անվտանգության հետ կապված տարբեր հարցերի շուրջ: Իսրայելը նաև Իրանին փոխանցեց գյուղատնտեսական տեխնոլոգիաներ ու գիտելիքներ և օգնեց արդիականացնել Իրանի գյուղատնտեսությունը: Բացի այս, երկրները համագործակցում էին կրթության և այլ ոլորտներում։ Իհարկե այս ամենն Իսլամական հեղափոխությունից առաջ էր։

1979թ․ Իրանի իսլամական հեղափոխությունը ցնցեց աշխարհը: Շահի տապալումը և Այաթոլլա Խոմեյնիի վերելքն իշխանության բերեց մի վարչակարգի, որը հակաարևմտյան և հակաիսրայելական էր: Խոմեյնիի կառավարությունը խզեց բոլոր դիվանագիտական և առևտրային կապերը Իսրայելի հետ: Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ, թեև Իսրայելի և Իրանի հարաբերությունները վատթարացան հեղափոխությունից հետո, դրանք անմիջապես չվերածվեցին ծայրահեղ սրված հարաբերությունների, ինչպիսինն այսօր է:

1980-ականների Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իսրայելը ռազմական տեխնիկա վաճառեց Իրանին։ Իրանին զենքի վաճառքը 1981-1983 թվականներին որոշ գնահատականներով կազմել է 500 միլիոն դոլար: Այն ժամանակվա Իսրայելի պաշտպանության նախարար Արիել Շարոնը կարծում էր, որ կարևոր է «փոքր պատուհան թողնել» ապագայում Իրանի հետ լավ հարաբերությունների հնարավորության համար:

Իրանա-իսրայելական հարաբերությունները սկսվեցին լարվել Խորհրդային Միության փլուզումից և Պարսից ծոցի պատերազմում Իրաքի պարտությունից հետո, երբ Մերձավոր Արևելքում հարաբերական իշխանությունն անցավ Իրանին և Իսրայելին /Իսրայելը՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ/։ Երկկողմ հարաբերությունների լարվածության աճին նպաստեցին այնպիսի գործոններ, ինչպիսիք են Իրանի միջուկային տեխնոլոգիաների զարգացումը, Իրանի կողմից իսլամիստական խմբավորումների ֆինանսավորումը, ինչպիսիք են օրինակ Հեզբոլլահը, Պաղեստինի Իսլամական Ջիհադը և Համասը, ինչպես նաև ահաբեկչական հարձակումներին Իրանի ենթադրյալ մասնակցությունը։ 1992թ․ Բուենոս Այրեսում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում կազմակերպվեց, իսկ 1994թ․ Բուենոս Այրեսում արգենտինա-իսրայելական ասոցիացիայի շենքի պայթյունի արդյունքում զոհվեց 85 մարդ և վիրավորվեց ավելի քան 300-ը։ Երբ հետաքննությունը պարզեց, որ հարձակումը և պայթյունը կապ ունեն Իրանի և Հեզբոլլահի հետ, իրանա-իսրայելական հարաբերությունները զգալիորեն վատթարացան:

Ըստ Միացյալ Նահանգների պաշտոնական աղբյուրների՝  2012թ․ ի վեր Իրանն ավելի քան 20 միլիարդ դոլար է տրամադրել Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս գործող օտարերկրյա ահաբեկչական խմբավորումներին։ Բացի այդ, Իրանը մեղադրվում է Իսրայելի դեմ պրոքսի պատերազմների մեջ։ Օրինակ՝ Իրանի ռազմական ներկայությունը Սիրիայում և Ասադի ռեժիմին աջակցությունը Իրանին հնարավորություն է տվել Սիրիայի տարածքից ուղիղ ճակատ բացել Իսրայելի դեմ՝ հանգեցնելով մի քանի ուղիղ առճակատման: Միայն 2012-ից 2018 թթ․ ընթացքում Իրանն ավելի քան 16 միլիարդ դոլար է տրամադրել Ասադի ռեժիմին և այլ վստահված անձանց Սիրիայում, Իրաքում, Եմենում, Լիբանանում և Պաղեստինում: Տարածաշրջանային տարբեր հակամարտություններում Իրանի ներգրավվածությունը, հատկապես այնտեղ, որտեղ ուղղակիորեն կամ անուղղակիորեն տուժել են Իսրայելի շահերը (օրինակ՝ Սիրիայում, Լիբանանում և Գազայում), շարունակում է հրահրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները:

Իսրայելն իր հերթին ևս աջակցել է այնպիսի զինյալ խմբերին, ինչպիսիք են Ջունդալլահը և Մուջահեդինները։ Իրանի Ժողովրդական Մուջահեդինները իրանական քաղաքական-ռազմական կազմակերպություն է, որի նպատակն է Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը և աշխարհիկ, ժողովրդավարական կառավարության ստեղծումը: Իսրայելը նաև տարիներ շարունակ գործողություններ է իրականացրել Իրանում, այդ թվում բազմաթիվ սպանություններ և ռմբակոծություններ: Իսրայելական գաղտնի ծառայությունը՝ Մոսադը, կասկածվում էր 2011թ․ նոյեմբերին Իրանի Հեղափոխության պահապանների հրթիռային բազայում տեղի ունեցած պայթյունի մեջ: 2010թ․ սկսվեց իրանցի միջուկային գիտնականների սպանությունների շարքը։ Սպանությունների նպատակն էր Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը կամ խեղումը։  Իսրայելը նաև բազմաթիվ հարվածներ է հասցրել իրանական ուժերին կամ Իրանի հետ ասոցացվող ուժերին՝ նպատակ ունենալով թույլ չտալ Իրանին մշտական ռազմական ներկայություն հաստատել Իսրայելի սահմանների մոտ: Բացի այդ, շրջանառվել են լուրեր և մեղադրանքներ այն մասին, որ Իրանը կիբերհարձակումներ է կատարել Իսրայելի ենթակառուցվածքների և թվային ցանցերի դեմ: Եվ հակառակը, Իսրայելը ևս կիբերհարձակումներ է իրականացրել Իրանի դեմ՝ փորձելով խափանել Իրանի միջուկային ծրագիրը։ Մասնավորապես, Stuxnet համակարգչային վիրուսը 2010 թվականին զգալի վնաս էր հասցրել ուրանի հարստացման Իրանի օբյեկտներին։ Այսպիսով, երկկողմանի նման գործողությունները նպաստել են Իրանի և Իսրայելի միջև թշնամական հարաբերություններին:

Իսկ ի՞նչն է հանգեցրել վերջին իրադարձություններին։ 2023թ․ հոկտեմբերի 7-ին  Համասը` Իրանի կողմից աջակցվող զինյալ կազմակերպությունը, հարձակում գործեց Իսրայելի հարավում։ Հարձակման հետևանքով զոհվեց 1139 մարդ, և առնվազն 253 Իսրայելի և այլ երկրների քաղաքացիների առևանգվեցին։ Ի պատասխան Համասի հարձակման՝Իսրայելը ներխուժեց Գազայի հատված։ Համաձայն Գազայի առողջապահության նախարարության, Իսրայելական ներխուժման արդյունքում մահացել է ավելի քան 34,000 և վիրավորվել ավելի քան 76,000 մարդ: Համասի հարձակումից հետո Իրանի կողմից հովանավորվող «Հեզբոլլահը» Լիբանանի կողմից հարձակում իրականացրեց Իսրայելի հյուսիսային հատվածին, ինչը հանգեցրեց ավելի քան 4,400 դաժան միջադեպերի և մոտավորապես 100,000 իսրայելցիների տարհանմանը: Բացի այդ, Իրանի կողմից աջակցվող հութի շարժումը բազմաթիվ անօդաչու սարքեր և բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ և առևանգել և հարձակվել Կարմիր ծովում գտնվող Իսրայելական նավերի վրա՝ զգալիորեն խաթարելով առևտուրը Սուեզի ջրանցքով: Իսրայելն այս ամենն անպատասխան չթողեց։ 2024 թ․ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության կից տարածքի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվեց 16 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին: Ապրիլի 13-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրաքի ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի, լիբանանյան Հեզբոլլահի և Եմենի հութիների հետ համատեղ ձեռնարկեց լայնածավալ հարձակումը: Իրանի հարձակումից կարճ ժամանակ անց Իսրայելը խոստացավ «զգալի պատասխան տալ» Իրանի գործողություններին: Ապրիլի 18-ին Իսրայելը սահմանափակ ռմբակոծություն իրականացրեց Իրանի ուղղությամբ: Իրանը փորձեց Իսրայելական հարվածը ներկայացնել բավական թույլ, թեև համաձայն այլ շրջանառվող լուրերի, հարվածի արդյունքում պատճառվել են մեծ վնասներ։

Ե՛վ Իսրայելի, և՛ Իրանի առաջնորդները կարող են որոշակի առումով երկարաձգել հակամարտությունը՝ հանուն իրենց քաղաքական շահերի: Մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը, իսրայելական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում էին, որ Իրանը Իսրայելի լավագույն բարեկամներից մեկն է: Բայց պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ չկան մշտական բարեկամներ կամ թշնամիներ, կան միայն մշտական շահեր։ Թե ինչի կհանգեցնեն այդ շահերը Իրանի և Իսրայելի դեպքում, ցույց կտա ժամանակը։


Comments


bottom of page