Իրանի իսլամական հեղափոխությունը ցնցեց աշխարհը: Այն հանգեցրեց Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակից Շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի տապալմանը, և նրա ռեժիմի կողմից որդեգրած քաղաքականությունների փոփոխություններին։ Հեղափոխականները Միացյալ Նահանգներին ընկալեցին ոչ թե որպես հնարավոր դաշնակից, այլ որպես Շահի ռեժիմի աջակից: Նման ընկալումներն ու տրամադրություններն էլ պատճառ դարձան 1979 թվականի նոյեմբերի 4-ին իրանցի զինյալների կողմից Թեհրանում ԱՄՆ դեսպանատուն ներխուժմանն ու 52 ամերիկացի դիվանագետների և քաղաքացիների պատանդ վերցնելուն: Պատանդների ճգնաժամը տևեց 444 օր և տևական ազդեցություն ունեցավ ԱՄՆ-Իրան հարաբերությունների վրա։
Իսլամական հեղափոխության ժամանակ հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնին հռչակեց, որ ադուհետ ինքը կորոշի կառավարության կազմը: Նման մոտեցման հիմքում ընկած է շիա հավատքը, ըստ որի կրոնական ղեկավարը պետք է ունենա և՛ կրոնական, և թե՛ քաղաքական վերահսկողություն: Խոմեյնին ստանձնեց գերագույն առաջնորդի դերը։ Սա ամրագրվեց երկրի նոր սահմանադրությամբ, ըստ որի երկրում բարձրագույն իշխանությունը պատկանում է հոգևորականությանը, իսկ քաղաքացիական իշխանությունն իրականացվում է նախագահի, մեջլիսի և կառավարության կողմից։ Իրանում գերագույն առաջնորդներն ընտրվում են բարձրաստիճան հոգևորականներից կազմված փորձագետների ասամբլեայի կողմից: Ինչ-որ առումով, բարձրագույն գործչի ընտրության համակարգը նման է Հռոմի պապի ընտրության ընթացակարգին, երբ կարդինալները պապ են ընտրում։ Սակայն Հռոմի պապը չի կարող լինել երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար և չունի իշխանություն պատերազմ հայտարարելու, մի խնդիր, որին Այաթոլլան պետք է բախվեր իշխանության գալուց մեկ տարի անց:
Այսպիսով, ի՞նչ պատահեց։ Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնը հարևան Իրանում շիա իսլամական հանրապետության ստեղծումը ընկալեց որպես և՛ սպառնալիք, և՛ հնարավորություն: Սադամն անհանգստացած էր արաբական երկրներում իսլամական հեղափոխություն անելու Խոմեյնիի կոչերից։ Սադամը սկսեց ճնշում գործադրեց Իրաքի շիա բնակչության նկատմամբ: Սակայն սրանով պատմությունը չավարտվեց։ Սադամը 1980 թվականին՝ հեղափոխությունից անմիջապես հետո, Իրան ներխուժելը համարեց լավագույն տարբերակ: Նա հույս ուներ օգտագործել հեղափոխության քաոսը և տիրանալ Իրանի Շատ ալ-Արաբի արևելյան ափին և Իրանի նավթով հարուստ արաբաբնակ Խուժեստան նահանգին: Սադամը միանշանակ չէր ակնկալում ութամյա արյունահեղություն, որը կավարտվի ճիշտ այպես, ինչպես սկսվել էր՝ առանց որևէ տարածքային նվաճման և մոտ 1 միլիոն մարդկային կորուստով /համաձայն Բրիտանիկա հանրագիտարանի զոհերի թիվը կարող է հասնել մինչև 2 միլիոնի/։
Ութ տարի տևած Իրանա-իրաքյան պատերազմը և շահի ժամանակաշրջանում որդեգրված տնտեսական և արտաքին քաղաքականության նկատմամբ հետքայլն առաջ բերեց տնտեսական մարտահրավերներ։ Այն հանգեցրեց նավթի արդյունահանման և արտահանման անկման, բարձր գնաճի, գործազրկության և տնտեսական դժվարությունների:
Աղքատություն և գործազրկություն։ Տարբեր Իրանի կառավարություններ աղքատության հաղթահարման ծրագրեր են իրականացրել՝ սոցիալ-տնտեսական անհավասարությունները շտկելու նպատակով։ Սակայն նման ծրագրերի արդյունավետությունը շարունակում է մնալ քննարկման առարկա: Սոցիալական ծրագրերի արդյունավետության նվազմանը նպաստում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են մաքսանենգությունը, վարչական վերահսկողությունը, համատարած կոռուպցիան և այլ սահմանափակումները: Ըստ էության, նույն խնդիրները, որոնք բորբոքեցին հանրային զայրույթը և հանգեցրին հեղափոխության, մինչ օրս շարունակում են ազդել մարդկանց ապրուստի վրա՝ սրելով սոցիալ-տնտեսական վիճակը:
Իրանում, տարբեր չափորոշիչների հանաձայն, աղքատության մակարդակը տատանվում է 27% և ավելի: Մինչ բնակչությունը պայքարում է աղքատության և սոցիալ-տնտեսական խնդիրների դեմ, կառավարությունն ավելացնում է իր ծախսերը լրատվամիջոցների և քարոզչության, ինչպես նաև կղերականության և անվտանգության ապարատի վրա՝ բողոքները ճնշելու և իշխանությունը պահելու համար:
Վերջին տվյալների համաձայն Իրանի բնակչության միայն 27,5%-ն է պաշտոնապես զբաղված։ Այսինքն, 72,5%-ը մնում է գործազուրկ, թոշակառու կամ ոչ ֆորմալ հատվածում աշխատող: Աշխատաշուկայում կանայք ավելի մեծ խոչընդոտների են առերեսվում․ ութ կանանցից միայն մեկն է աշխատում ֆորմալ կամ ոչ ֆորմալ տնտեսության հատվածում:
Կանայք։ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը մեկընդմիշտ փոխեց երկրի քաղաքական, սոցիալական և մշակութային կյանքը: Շահի վարչակարգի օրոք նկատելի առաջընթաց էր գրանցվել կանանց իրավունքների, այդ թվում՝ ընտրական իրավունքի և կրթության ու աշխատանքի ոլորտներում: Այնուամենայնիվ, հեղափոխությունից հետո պահպանողական իսլամական արժեքները սահմանափակեցին որոշակի մասնագիտություններում և հասարակական ոլորտներում կանանց ներգրավվածությունը։ Սահմանվեց նաև հագուստի խիստ կոդ՝ պարտադիր հիջաբի տեսքով:
2022 թվականի սեպտեմբերին 22-ամյա Մահսա Ամինին մահացավ Իրանի բարոյականության ոստիկանության կալանքի ժամանակ՝ հիջաբ չկրելու պատճառով։ Նրա մահը սկիզբ դրեց Իրանում վերջին տասնամյակների ամենածավալուն հակակառավարական ցույցերին: Իրավապաշտպանների և ակտիվիստների տվյալներով՝ անվտանգության ուժերի կողմից ցույցերի ճնշման արդյունքում զոհվեց 527 մարդ, իսկ 20,000-ը՝ ձերբակալվեց։
Տնտեսություն։ Իրանի նավթի և գազի ոլորտը մնում է երկրի տնտեսության կենսական բաղադրիչը։ Այն կազմում է Իրանի արտահանման ավելի քան 80%-ը։ Նավթից և գազից նման մեծ կախվածությունն Իրանը դարձնում է խոցելի՝ նավթի համաշխարհային շուկայում տատանումների և միջազգային պատժամիջոցների նկատմամբ /հատկապես այնպիսի պատժամիջոցների, որոնք ուղղված են երկրի էներգետիկ ոլորտին/:
Իրանը միջազգային պատժամիջոցների տակ է հայտնվել՝ իր միջուկային ծրագրի հետ կապված մտահոգությունների պատճառով: 1996 թվականին ընդունվեց Իրանի և Լիբիայի պատժամիջոցների մասին օրենքը, որն ընդլայնեց ԱՄՆ գործող էմբարգոն իրանական նավթամթերքների ներմուծման վրա: Պատժամիջոցները սահմանափակեցին առևտրատնտեսական համագործակցությունը, բարձր տեխնոլոգիաների արտահանումը Իրան և, ընդհանուր առմամբ, թիրախավորեցին Իրանի առանցքային ոլորտները՝ ազդելով առևտրի, ֆինանսների և օտարերկրյա ներդրումների վրա:
Ըստ գնահատականների, ԱՄՆ-ի պատժամիջոցները մինչ 2015 թվականը մոտ 160 միլիարդ դոլարի վնաս են հասցրել Իրանի տնտեսությանը: 2015 թվականին Իրանը, ԱՄՆ-ը և աշխարհի այլ տերությունները ստորագրեցին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որն առավել հայտնի է Իրանի միջուկային գործարք անունով: Իրանի միջուկային գործարքը նպատակ ուներ սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցներից ազատվելու դիմաց։ Այնուամենայնիվ, Իրանում կոշտ գծի կողմնակիցները փորձեցին խաթարել համաձայնագիրը, և գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մերժեց բանակցությունները անվտանգության հարցերի շուրջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին օգտագործեց նման զարգացումները որպես հիմնավորում՝ 2018 թվականին Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու համար։
ԱՄՆ նման որոշումը և պատժամիջոցների պատճառով նավթային եկամուտների կտրուկ անկումն անմիջապես ֆինանսական ճգնաժամ առաջացրեցին Իրանում: Իրանի նավթի արտահանումը 2018 թվականի հունիսի օրական ավելի քան 2,7 միլիոն բարելից նվազեց մինչև օրական կես միլիոն բարել 2019 թվականի ապրիլին: Պատժամիջոցների պատճառով սկսվեց նաև ներմուծվող ապրանքների գների կտրուկ աճ։ Արդյունքում, գործազրկությունն ու գնաճը գերազանցեցին 40%-ը։
Վերջին տարիների Իրանի ծանր և երկարատև տնտեսական ճգնաժամը թերևս իր ժամանակակից պատմության ամենախորը և ամենաերկար ճգնաժամն է: Եվ քանի որ հարաբերություններն արևմտյան երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի հետ գնալով վատթարանում են, Իրանն ավելի ու ավելի է ուղղում իր ուշադրությունը դեպի արևելյան երկրներ, հատկապես՝ Չինաստան: Չինաստանը դարձել է Իրանի կարևոր տնտեսական գործընկերներից մեկը։ Չինաստանն ու Իրանը համագործակցում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, ենթակառուցվածքները և հեռահաղորդակցությունը:
Իրանի մյուս խոշոր գործընկերներն են Ռուսաստանը և Թուրքիան։ Ռուսաստանը և Իրանը համագործակցում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տեխնոլոգիաները և պաշտպանությունը: Վերջին երկու տարիներին Ռուսաստանը ներդրումների ծավալներով և առևտրաշրջանառությամբ գերազանցել է Չինաստանին։ Իրանը և Թուրքիան ևս ունեն զգալի տնտեսական կապեր՝ առևտրի, էներգետիկայի, ենթակառուցվածքային նախագծերի և տրանսպորտի ոլորտներում։ Մյուս գործընկերների թվում են Եվրամիության որոշ երկրներ, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը և Իրաքը:
Միջազգային համագործակցության ջանքերը մինչ օրս բավարար չեն տնտեսությունն աշխուժացնելու համար։ Իրանը համեմատաբար երիտասարդ բնակչություն ունի, որի մեծ մասը կիրթ է։ Կիրթ երիտասարդ բնակչությունը սովորաբար տնտեսական աճի և զարգացման հնարավորություն է ընձեռում։ Իհարկե, եթե նման ներուժը պատշաճ ձևով է օգտագործվում: Միայն ժամանակը ցույց կտա, թե արդյոք Իրանը կձևավորի ավելի հավասարակշռված և դիվերսիֆիկացված տնտեսություն և ինչպես կօգտագործի իր ներուժը՝ հաղթահարելու սոցիալ-տնտեսական և բնապահպանական մարտահրավերները:
Comments