Իրան․ երկիր, որն իր պատմությամբ, հարուստ մշակույթով և աննման լանդշաֆտով ուրույն տեղ ունի աշխարհում: Իրանն առանձնանում է նաև իր էներգետիկ պաշարներով: Նավթի և բնական գազի առատ պաշարներով օժտված Իրանի տնտեսական աճը, միջուկային ծրագիրը և միջազգային հարաբերությունները խորապես կապված են այս արժեքավոր պաշարների և Իրանի աշխարհագրական դիրքի հետ:
Իրանական նավթի ժամանակակից պատմությունը սկսվեց 20-րդ դարի սկզբին, երբ 1908 թվականին Քաջարների դինաստիան բրիտանացի ձեռնարկատեր Ուիլյամ Նոքս Դ'Արսիին շնորհեց կոնցեսիոն պայմանագիր: Պայմանագրով Դ'Արսիին տրվեց Իրանում նավթի աղբյուրների որոնման և արդյունահանման բացառիկ իրավունք: Կարճ ժամանակ անց Իրանի հարավ-արևմուտքում հայտնաբերվեց նավթ, ինչն էլ ծնունդ տվեց Անգլո-պարսկական նավթային ընկերությանը և հիմք դրեց իրանական նավթարդյունաբերությանը: 1920-ական թվականներին, Իրանում նավթի հայտնաբերումից մեկ տասնամյակ անց, նավթային եկամուտներն արդեն կազմում էին երկրի եկամուտների գրեթե կեսը։
20-րդ դարի սկզբին արտասահմանյան նավթային ընկերությունները, և հատկապես՝ Անգլո-պարսկական նավթային ընկերությունը, գերիշխում էին Իրանի նավթարդյունաբերության ոլորտում: Նավթի արդյունահանումից ստացված եկամտի մեծ մասը բաժին էր ընկնում բրիտանացիներին։ Նման անհավասար և շահագործական հարաբերություններն առաջացրեցին հանրային դժգոհություններ Իրանում: 1951 թվականին վարչապետ Մոհամմադ Մոսադեղը կտրուկ քայլեր ձեռնարկեց՝ նավթի նկատմամբ վերահսկողության վերականգնման համար։ Նա ազգայնացրեց երկրի նավթարդյունաբերությունը: Նման քայլը բախվեց բրիտանացիների կատաղի հակազդեցությանը․ Բրիտանիան սահմանեց իրանական նավթի էմբարգո։ Բրիտանիան նաև սառեցրեց Իրանի ֆինանսական ակտիվները: Սա տնտեսական ցնցումներ առաջացրեց Իրանում։ Իրանի բնակչության շրջանում դժգոհության ալիք բարձրացավ։ Եվ ահա 1953 թվականին, օգտվելով աճող հանրային դժգոհություններից, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան Իրանում կազմակերպեցին պետական հեղաշրջում: Մոսադեղի փոխարեն գերտերություններն իշխանության բերեցին Մոհամմադ Ռեզա Շահ Փահլավիին: Շահն անմիջապես փոխեց ազգայնացման քաղաքականությունը և վերաբացեց Իրանը՝ արտասահմանյան նավթային ընկերությունների համար:
Կարճ ժամանակ անց ԱՄՆ-ը խրախուսեց ամերիկյան նավթային ընկերություններին ներդրումներ կատարել Իրանում: Բայց սա Իրանի բարգավաճման, ինչպես նաև՝ Իրանը Խորհրդային Միության ազդեցության գոտուց հեռու պահելու մեծ ծրագրի լոկ մի մասն էր: ԱՄՆ կողմից լուրջ ջանքեր ներդրվեցին՝ սոցիալական զարգացման ծրագրերի ուղղությամբ:
Շահ Փահլավիի կառավարությունը մի շարք տնտեսական բարեփոխումներ իրականացրեց՝ փորձելով արդիականացնել և արդյունաբերականացնել Իրանը և նվազեցնել նրա կախվածությունը նավթային եկամուտներից: Միացյալ Նահանգները ֆինանսական աջակցություն ցուցաբերեց՝ տնտեսական զարգացումը խթանելու, քաղաքական դաշտը կայունացնելու և ռազմական և տեխնիկական ինքնապաշտպանությանը աջակցելու համար: ԱՄՆ օգնությամբ Իրանի արտադրությունը և արտահանումը դիվերսիֆիկացվեց: ԱՄՆ-ը տրամադրեց դրամաշնորհներ և վարկեր՝ Քարաջ գետի վրա ջրամբարի կառուցման համար։ ԱՄՆ-ն նաև ներդրումներ կատարեց ենթակառուցվածքային ծրագրերում, ինչպիսիք էին 1500 մղոն /մոտ 2400 կմ/ երկարությամբ մայրուղային համակարգը, երկաթուղային համակարգը և ազգային ավիաընկերությունը:
Շահի իշխանության օրոք Իրանում սկսվեց զգալի սոցիալական բարեփոխումներ։ Կանանց տրվեց քվեարկության, տնից դուրս աշխատանքի, ամուսնալուծության և երեխայի խնամակալության իրավունք: Այս ընթացքում ընդլայնվեցին նաև կանանց կրթական հնարավորությունները։
Միևնույն ժամանակ, Իրանի կայսերական զինված ուժերը դարձան Մերձավոր Արևելքի ամենաուժեղ և աշխարհի 5-րդ ուժեղագույն զինված ուժերը: 1970-ական թվականներին ԱՄՆ-ն Իրանին մատակարարեց առաջադեմ սպառազինության լայն տեսականի, այդ թվում՝ F-14 կործանիչներ:
1974 թվականին, «Ատոմները հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ԱՄՆ-ն պարտավորվեց Իրանին վաճառել երկու միջուկային ռեակտորներ և հարստացված ուրան։ Համագործակցությունն էլ ավելի ընդլայնվեց 1975 թվականին, երբ ԱՄՆ և Իրանի միջև 15 միլիարդ դոլար արժողությամբ առևտրային գործարք կնքվեց: Այս համապարփակ համաձայնագիրը ներառում էր դրույթներ, որով ԱՄՆ-ն պետք է Իրանին վաճառեր ութ միջուկային ռեակտոր:
Առհասարակ, 70-ականների տնտեսական զեկույցները նշում էին, որ Իրանը «Ճապոնիայից հետո Ասիայի ամենաբարգավաճ երկիրն է և Եվրոպական շատ երկրների տնտեսությունների հետ համեմատելի դառնալու ճանապարհին է»: Բայց արդյո՞ք Իրանում ամեն ինչ այնքան հոյակապ էր, որքան պատկերված էր նման զեկույցներում:
Չնայած առատ բնական պաշարներին և արտաքին աջակցության ծրագրերին, տնտեսական դժվարությունները գնալով խորանում էին։ Գնաճի և գործազրկության մակարդակի աճի պայմաններում հասարակ իրանացիները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Մինչ Շահի շրջապատը շարունակում էր հարստություն դիզել, տնտեսական անհավասարությունը դառնում էր բացահայտ խնդիր՝ առաջացնելով բնակչության աճող հիասթափություն:
Շահի վարչակարգը քննադատության էր ենթարկվում ոչ միայն կաշառակերության, այլ նաև մարդու իրավունքների ոտնահարման, գաղտնի ոստիկանության կողմից կտտանքների, ինչպես նաև ընդդիմության գրաքննության և բանտարկության համար: Շահի ավտորիտար ռեժիմը և քաղաքական այլախոհության ճնշումը վախի և դժգոհության մթնոլորտ էին ստեղծում Իրանի բնակչության շրջանում:
1970-ականների վերջին Թեհրանում մթնոլորտը սկսեց թեժանալ: Նավթի գների կտրուկ անկումը զուգակցվեց գնաճի աննախադեպ տեմպերի հետ՝ առաջացնելով հասարակության զայրույթը: Այաթոլլահ Խոմեյնին օգտվեց աճող դժգոհությունից և կոչ արեց հեռացնել շահին:
Այսպիսով, սկսվեց 1979 թվականի հեղափոխությունը: Այն մեկընդմիշտ փոխեց Իրանի ճակատագիրը, նրա տնտեսությունը և դերը աշխարհաքաղաքականության մեջ: Հեղափոխությունը վերափոխեց երկրի սոցիալ-տնտեսական հետագիծը և նոր ու բարդ էջ բացեց Իրանի նորագույն պատմության մեջ:
Comments