top of page
Writer's pictureDr. Yeva Aleksanyan

Յոմ Կիպուրի Պատերազմը և Նավթը․ Ճգնաժամից դեպի Նորարարություն

Updated: Dec 21, 2023

Նավթը կարևորագույն դեր է խաղացել ինչպես էներգետիկ, այնպես էլ ազգայնական շարժումների և պատերազմների խթանման գործում: Այն եղել է էներգետիկ անկախության հիմնական անկյունաքարը և մղել կարևոր որոշումների և ներդրումների:



1970-ականներին տեղի ունեցած մի իրադարձություն մեկընդմիշտ փոխեց նավթի նկատմամբ Արևմուտքի մոտեցումը: 1973 թվականի հոկտեմբերին, հրեական Յոմ Կիպուր տոնի ժամանակ սիրիական և եգիպտական ուժերը սկսեցին «Բադր» գործողությունը։ Այն զանգվածային հարձակում էր Իսրայելի հարավային և հյուսիսային սահմանների վրա: Թեև պատերազմի սկզիզբը կործանարար էր թվում Իսրայելի համար, սակայն պատերազմի ընթացքը շուտով փոխվեց․ իսրայելական ուժերը ետ մղեցին սիրիական ուժերին և հարձակում սկսեցին Դամասկոսի ուղղությամբ։ Իսրաjելական ուժերը նաև հատեցին Սուեզի ջրանցքը և շարժվեցին Եգիպտոսի տարածքով դեպի Կահիրե:

Երբ պատերազմի ընթացքը փոխվեց հօգուտ Իսրայելի, Խորհրդային Միությունը, որը ռազմական աջակցություն էր տրամադրում Եգիպտոսին և Սիրիային, բանակցություններ սկսեց Միացյալ Նահանգների՝ Իսրայելի դաշնակցի հետ։ Սառը Պատերազմի ժամանակաշրջանում սա հազվագյուտ համագործակցություն էր երկու գերտերությունների միջև: Միացյալ Նահանգների և Սովետական Միության համատեղ ուժերով և ճնշմամբ ապահովվեց հրադադարի և խաղաղության շուրջ բանակցությունները:

Այնուամենայնիվ, Յոմ Կիպուրի պատերազմի իրական նշանակությունը ոչ թե սառը պատերազմի ժամանակաշրջանում Վաշինգտոնի և Մոսկվայի համատեղ աշխատելու փորձերն էր, և ոչ էլ պատերազմի արդյունքները, որը ռազմական տեսանկյունից ապշեցուցիչ շրջադարձ էր: Յոմ Կիպուրի պատերազմի ամենաանսպասելի ազդեցությունը՝ պատերազմի պատճառով ստեղծված աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակն ու դրանից բխող կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքներն էին։

1973 թվականի հոկտեմբերին, երբ մարտերը դեռ շարունակվում էին, Սաուդյան Արաբիան և Նավթ Արտահանող Երկրների Կազմակերպության անդամները վճռական քայլեր ձեռնարկեցին՝ Իսրայելի կողմնակիցներին պատժելու համար։ Նրանք հայտարարեցին նավթի էմբարգո և նավթի արդյունահանման 5%-ով կրճատման   մասին որոշումը։

Նավթի արդյունահանման կրճատման և տնտեսական ու քաղաքական անորոշության պայմաններում Արևմուտքում նավթի գինը կտրուկ բարձրացավ: Մեկ բարելի գինը գրեթե քառապատկվեց՝ $3 հասնելով մոտ $12։ Ի պատասխան այս խառնաշփոթի, գործողությունների ալիք սկսվեց, որը փոխեց Արևմուտքի էներգետիկ քաղաքականությունն ու ռազմավարությունը:

Միացյալ Նահանգների նախագահ Նիքսոնը հայտարարեց մի շարք միջոցառումներ՝ նավթից և հատկապես Մերձավոր Արևելքի նավթից ԱՄՆ կախվածությունը նվազեցնելու նպատակով: Կյանքի կոչվեց «Project Independence»-ը, որի նպատակն էր ապահովել Միացյալ Նահանգների էներգետիկ անվտանգությունը՝ առանց այլ երկրների վրա հույս դնելու: «Project Independence»-ի արդյունքում իրականացված էական փոփոխություններից մեկը մայրուղիներում թույլատրվող առավելագույն արագության նվազեցումն էր։ Մայրուղիներում արագության սահմանափակումը հանգեցրեց ոչ միայն վառելիքի սպառման նվազմանը, այլ նաև ԱՄՆ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի զգալի կրճատմանը: Նաև ավարտին հասցրվեց Տրանս-Ալյասկայի խողովակաշարային համակարգի կառուցումը։

Էներգետիկ ճգնաժամի արդյունքում ծնունդ առան մի շարք նորարարական ճարտարապետական մոտեցումներ: Ամերիկացի ճարտարապետներն ու ինժեներները միավորեցին ուժերը՝ նախագծելու էներգետիկ առումով առավել արդյունավետ շենքեր: Այս շենքերն ունեին ավելի լավ կամ ավելի առաջադեմ ջերմամեկուսացում, կլիմայի կառավարման խելացի /սմարթ/ համակարգեր և վերականգնվող էներգիայի ինտեգրում:

Էներգետիկ ճգնաժամը նաև շրջադարձային էր ավտոմոբիլային արդյունաբերության համար։ Լայնածավալ հետազոտություններ սկսվեցին իրականացվել մի շարք համակարգերի կայունության և արդյունավետության ուղղությամբ, որոնք հիմք դրեցին հիբրիդային մեքենաների ստեղծմանը։ Թեև այս մեքենաները միայն տարիներ անց մուտք գործեցին զանգվածային շուկա, բայց այսօր շատերն են վայելում 70-ականներին սկսված հետազոտությունների և ներդրումների արդյունքները: Նույն ժամանակներում սկսված հետազոտությունների ու ներդրումների արդյունքում տասնամյակներ անց սպառողին ներկայացվեցին նաև էլեկտրական մեքենաներ՝ մեկընդմիշտ փոխելով ավտոմոբիլային արդյունաբերությունը:

Էներգետիկ համակարգի անվտանգությունը դարձավ հիմնական քաղաքական խնդիրներից մեկը։ ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց արևային էներգիայի ոլորտում հեազոտությունների ֆինանսավորման փաթեթը։ Միևնույն ժամանակ միջուկային էներգիայի արդյունաբերության նկատմամբ ավելի ու ավելի համակրելի վերաբերմունք ձևավորվեց․ միջուկային էներգիան սկսվեց ոմանց կողմից ընկալվել որպես էներգետիկ խնդիրների հուսալի լուծում:

Չնայած պատերազմի ընթացքում և դրանից հետո Արևմուտքի առջև ծառացած կարճաժամկետ մարտահրավերներին՝ հակամարտության ազդեցությունը և դրան հաջորդած նավթային էմբարգոն երկարաժամկետ կտրվածքով հանգեցրին էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման և էներգետիկ քաղաքականության ու մոտեցումների փոփոխման:


Լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք մեր տեսանյութը՝ Յոմ Կիպուրի պատերազմի և դրա անսպասելի հետևանքների մասին:

Recent Posts

See All

1 comentario


Viktorya Vedres
Viktorya Vedres
08 dic 2023

Շնորհակալություն շատ հետաքրքիր նյութի համար։

Me gusta
bottom of page