top of page
Writer's pictureDr. Yeva Aleksanyan

Նավթ. Հայտնաբերումից Մինչև Մեր Օրեր

Updated: Jan 16, 2024

Նավթ, հեղուկ, որ վառելիքով է ապահովում մեր աշխարհը և հնարավոր դարձնում մեր առօրյա գործունեությունը: Նավթի ժամանակակից պատմությունը սկսվեց 19-րդ դարում, երբ Ջորջ Բիսելը հում նավթի նմուշ ուղարկեց Յեյլի համալսարանի պրոֆեսոր Բենջամին Սիլիմանին՝ հուսալով, որ այն հնարավոր է թորել: Սիլիմանը հաստատեց, որ հնարավոր է նմուշից թորել կերոսին։ Սրանով սկսվեց նավթի որոնումների և հորատումների շրջանը: 1859 թվականին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում առևտրային նպատակներով ստեղծվեց առաջին նավթահորը՝ նշանավորելով նավթային դարաշրջանի սկիզբը: 19-րդ դարի նավթային բումը ծնունդ տվեց այնպիսի անունների, ինչպիսիք են Ռոքֆելլերը և Գետին։ Այս անունները /ազգանունները/ դարձան նավթի վրա կառուցված հսկայական հարստության հոմանիշ: Բայց պատմությունը սրանով չավարտվեց:



20-րդ դարում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց արդյունքում նավթը դարձավ էներգիայի նախընտրելի աղբյուր։ Տեխնոլոգիական առաջընթացն ու նորարարությունները, ինչպիսիք են էլեկտրական լամպը և ավտոմեքենան կտրուկ մեծացրեցին նավթի պահանջարկը:

Առաջին համաշխարհային պատերազմը ցուցադրեց նավթի և հատկապես Մերձավոր Արևելքի նավթի ռազմավարական նշանակությունը։ Բրիտանական թագավորական նավատորմն այդ տարիներին փոխեց վառելիքի աղբյուրը՝ ածուխի փոխարեն օգտագործելով նավթ։ Սա կտրուկ ընդլայնեց Բրիտանական թագավորական նավատորմի գործառնական հասանելիությունը՝ մեկընդմիշտ փոխելով ծովային պատերազմի ընթացքը: Նավատորմը և ռազմական տեխնիկան նավթով ապահովելու համար Բրիտանիան շտապեց արաբական ցեղերի հետ դաշինքներ կնքել՝ ընդդեմ Օսմանյան կայսրության: Տանկերի, օդանավերի և ռազմածովային նավատորմի համար անհրաժեշտ էր նավթ։ Ուստի նավթը դարձավ մեքենայացված պատերազմի կարևորագույն բաղադրիչ։ Գերտերությունները մտան անողոք մրցավազքի մեջ՝ այս անփոխարինելի պաշարը ձեռք բերելու և նավթի աղբյուրների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:

Երկրորդ համաշխարհային պատերազմը նույնպես ընդգծեց Մերձավոր Արևելքի նավթի ռազմավարական նշանակությունը, ինչը դրդեց ԱՄՆ-ին դառնալ հետպատերազմյան տարիներին տարածաշրջանում հիմնական խաղացող: Ամերիկյան ընկերությունները կատարեցին զգալի ներդրումներ Մերձավոր Արևելքում, բացահայտեցին նավթի և գազի հսկայան աղբյուրներ և ձեռք բերեցին կոնցեսիոն պայմանագրեր։ Միաժամանակ, Հարավային Ամերիկայում ևս սկսվեց «նավթի և գազի զարթոնքը»:

Արդյունքում ծնունդ առավ «Յոթ քույրեր» հզոր կարտելը, որը բաղկացած էր յոթ խոշոր նավթային ընկերություններից: Այս ազդեցիկ խմբի անդամներն էին Exxon, Royal Dutch/Shell, British Petroleum, Mobil, Texaco, Gulf Oil և Chevron: Այս կոնսորցիումը զգալի վերահսկողություն էր իրականացնում նավթի և գազի համաշխարհային արդյունաբերության վրա՝ ձևավորելով աշխարհի էներգետիկ և տնտեսական լանդշաֆտը: Յոթ քույրերը՝ արդյունաբերական այս հսկաները, ունեին անզուգական ուժ և ազդեցություն, որը երկար ժամանակ ձևավորում էր աշխարհաքաղաքականությունը:

Այդուհանդերձ, ինչպես բոլոր նման դեպքերում, հակադարձումն անխուսափելի էր: 1950-ականներն ականատես եղավ մի շարժման, որը մինչ օրս հսկայական ազդեցություն ունի նավթի և գազի արդյունահանման և գնագոյացման վրա: Ե՛վ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, նավթ արդյունահանող երկրների ղեկավարները սկսեցին վերականգնել և հաստատել իրենց երկրների նավթի և գազի պաշարների նկատմամբ վերահսկողության իրավունքը: Բացի այդ, նավթ արդյունահանող երկրները 1960թ.-ին միավորվեցին՝ ստեղծելու Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ): Այս երկրները ցանկանում էին ձեռք բերել կոլեկտիվ ուժ և հնարավորություն՝ թելադրելու նավթի գները, արտադրության ծավալները և ապագա կոնցեսիոն իրավունքները:

20-րդ դարում նավթի աճող պահանջարկը Մերձավոր Արևելքը դարձրեց համաշխարհային էներգետիկ կենտրոն: Նավթով հարուստ որոշ երկրներ բարգավաճեցին՝ ֆինանսավորելով ենթակառուցվածքների, կրթության և առողջապահության ոլորտներում բազմաթիվ ծրագրեր: Այդուհանդերձ, բոլորի կողմից պահանջված պաշարն ունենալը նաև բացասական ազդեցություն ունեցավ այս երկրների համար: 1990-1991 և 2003 թվականների Պարսից Ծոցի պատերազմները, Սիրիայի և Եմենի քաղաքացիական պատերազմները ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված էին նավթի պաշարների վերահսկողության հետ: Թեև Իրաքը, Իրանը, Լիբիան և շատ ուրիշ երկրներ քաղեցին մեծ օգուտներ, բայց նաև վճարեցին բավական բարձր գին՝ նավթով և գազով հարուստ երկրներ լինելու համար: Այսօր արդեն Վենեսուելան է սպառնում հարևան երկրի վրա հարձակմամբ՝ նավթի և գազի պաշարներին տիրելու համար։

Վերջին տասնամյակների ընթացքում նավթի և գազի մրցավազքը ակտիվացել է։ Սա էներգետիկ անվտանգության հետ կապված լուրջ մտավախություն է առաջացնում, հատկապես այն երկրների համար, որոնք մեծապես կախված են նավթի և գազի ներմուծումից: Նավթից և գազից չափազանց մեծ կախվածությունը լուրջ հետևանքներ է ունենում և խոցելի է դարձնում հատկապես զարգացող երկրներին: 2000-ականներին Մերձավոր Արևելքում աճող լարվածության, Չինաստանում նավթի և գազի աճող պահանջարկի, ԱՄՆ դոլարի թուլացման, նավթի պաշարների նվազման և սպեկուլյատիվ ֆինանսական գործունեության համադրությունը հանգեցրեց նավթի և գազի գների կտրուկ աճի: Արդյուքում սկսվեց 2008 թվականի ճգնաժամը: 2008 թվականի համաշխարհային ճգնաժամը, պարզապես ֆինանսական ճգնաժամ չէր, ինչպես շատերն են նշում: Աշխարհի որոշ ծայրերում այն պարենի, վառելիքի և ֆինանսական ճգնաժամ էր, որտեղ վճռորոշ դեր խաղաց վառելիքի գների աճն ու էներգետիկ անվտանգությունը:

Վերջին տասնամյակների ընթացքում, կլիմայի փոփոխության և բնապահպանական մտահոգությունների ֆոնին, սկսվել է անցում դեպի վերականգնվող էներգիա և ավելի մաքուր տեխնոլոգիաների: Նման անցումը սկսում է ավելի ու ավելի տեսանելի լինել Եվրոպայում, ԱՄՆ-ում և որոշ Ասիական երկրներում։ Սակայն նավթի և գազի փոխարինումը վերականգնվող էներգիայի աղբյուրներով և ավելի մաքուր տեխնոլոգիաներով մեծապես ազդում է նավթ արդյունահանող երկրների տնտեսական շահերի և աշխարհքաղաքական դիրքի վրա /Մերձավոր Արևելքի երկրներ, Ռուսաստան, Հարավային Ամերիկայի և Աֆրիկյան երկրներ/: Ուստի նման անցումը ստեղծում է աշխարհքաղաքական լարվածություն և բախումներՍակայն պետք է նշել, որ չնայած կայուն էներգիայի համատարած ընդունման հույսերին, նավթն ու գազը թերևս մոտ ապագայում դեռ կմնան աշխարհի էներգետիկ լանդշաֆտի կենտրոնական խաղացողները:


Լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք նավթի մասին մեր տեսանյութը։

Recent Posts

See All

Kommentarer


bottom of page