Երբևէ հանդիպե՞լ եք մարդկանց, ովքեր բախտի բերմամբ արագ հարստացել են, բայց վատնել են իրենց ձեռք բերած հարստությունը և հայտնվել ավելի վատ ֆինանսական վիճակում, քան մինչ հարստանալը: Երկրներն այս առումով շատ նման են մարդկանց:
Որոշ երկրներ օժտված են առատ բնական պաշարներով, որոնք կարող են օգտագործվել՝ խթանելու տնտեսական աճը, բարձրացնելու բնակչության կենսամակարդակը և ճանապարհ հարթելու տնտեսական զարգացման համար: Այնուամենայնիվ, կա մի այսպիսի պարադոքս․ այն երկրները, որոնք մեծապես կախված են բնական պաշարների արտահանումից, հակված են ավելի դանդաղ տնտեսական աճի` համեմատած բնական պաշարներով /ռեսուրսներով/ աղքատ երկրների հետ: Այսպիսով, ի՞նչն է պարադոքսի պատճառը:
Առաջարկվել են մի քանի տեսություններ՝ բացատրելու, թե ինչու է բնական պաշարներից տնտեսական կախվածությունն ասոցացվում ավելի ցածր տնտեսական զարգացման հետ: Նման տեսություններից է «Հոլանդական հիվանդությունը»։ Հոլանդական հիվանդությունը սովորաբար տեղի է ունենում այն երկրներում, որտեղ կտրուկ աճը արդյունաբերության որևէ ճյուղում պայմանավորված է բնական պաշարների համաշխարհային գների աճով կամ այնպիսի պաշարների աղբյուրների հայտնաբերմամբ, ինչպիսիք են նավթը, գազը կամ հանքանյութերը: Բնական պաշարների արտահանման արդյունքում սկսվում է հսկայական եկամուտների ներհոսք երկիր։ Արդյունքում՝ ազգային արժույթն արժևորվում է: Առաջին հայացքից նման երևույքը թվում է դրական տնտեսության համար։ Սակայն ազգային արժույթի արժևորումն ունի զգալի բացասական տնտեսական հետևանքներ: Արժևորված արժույթի պատճառով այլ ապրանքների արտահանումը դառնում է ավելի թանկ՝ օտարերկրյա գնորդների համար։ Արդյունքում սկսվում է այլ ապրանքների արտահանման անկում և արդյունաբերության կրճատում:
Ժամանակի ընթացքում երկիրն ավելի ու ավելի է կախված դառնում բնական պաշարների արտահանումից՝ պետական եկամուտներն ու տնտեսական աճն ապահովելու համար: Ի վերջո, բնական պաշարների համաշխարհային գների նվազման կամ արդյունահանման դժվարությունների արդյունքում սկսվում են տնտեսական մարտահրավերներ՝ ներառյալ աշխատատեղերի կորուստ, գնաճ և բյուջեի դեֆիցիտ:
Նման տնտեսական երևույթը «Հոլանդական հիվանդություն» անվանումը ստացել է Նիդեռլանդների՝ 1959 թվականին Հյուսիսային ծովում բնական գազի հսկայական պաշարների հայտնաբերման և դրա տնտեսական հետևանքների պատճառով: 1960-ականներին Նիդեռլանդների նորահայտ հարստությունը և նավթի զանգվածային արտահանումը հանգեցրին հոլանդական գուլդերի արժեքի կտրուկ աճին: Արդյունքում, բոլոր ոչ նավթային ապրանքների արտահանումը դարձավ համաշխարհային շուկայում պակաս մրցունակ՝ լրջորեն ազդելով արդյունաբերության այլ ճյուղերի վրա:
Այսօր Վենեսուելան հոլանդական հիվանդության և «ռեսուրսների անեծք» պարադոքսի թերևս ամենավառ և ամենաթշվառ օրինակն է: Երկրի մեծ կախվածությունը նավթի արտահանումից հանգեցրեց Վենեսուելայի արժույթի՝ բոլիվարի զգալի արժևորմանը, ինչը վնասեց արդյունաբերության այլ ճյուղերը:
2015 թվականին հզոր փոթորիկ հարվածեց Վենեսուելայի՝ նավթից կախված տնտեսությանը: Նավթի գների զգալի անկումը, որը երկրի եկամտի հիմնական աղբյուրն էր, զուգակցվեց նավթի արդյունահանման նվազման հետ՝ լուրջ տնտեսական խնդիրներ առաջացնելով երկրում:
Սոցիալական ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար Վենեսուելայի կառավարությունը դիմեց փող տպելու միջոցին, ինչի հետևանքով սկսվեց գնաճի աննախադեպ մակարդակ: 2016 թվականի վերջերին գնաճը հասավ 800 տոկոս, իսկ 2018-ին՝ մոտ 80,000 տոկոս։ 2018 թվականից ի վեր Վենեսուելայի կառավարությունը ոչ մի պաշտոնական տվյալ չի հրապարակում, ուստի գնաճի ճշգրիտ մակարդակը Վանեսուելայում դժվար է կռահել։ Սակայն տարբեր գնահատականների համաձայն այն տատանվում է 380,000 տոկոսից մինչև 1,35 միլիոն տոկոս:
Վենեսուելայի հիպերինֆլյացիան և արժույթի արժեզրկումը զրոյացրեցին մարդկանց խնայողությունները։ Ցավոք, Վենեսուելայի կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու փոխարեն շարունակեց հերքել դրա գոյությունը: Սննդի և դեղորայքի քրոնիկ պակասը, գործազրկությունը, կոռուպցիան, մարդու իրավունքների խախտումները, քաղաքական սպանությունները, վատ տնտեսական կառավարումը և նավթից մեծ կախվածությունը նպաստեցին ճգնաժամի վատթարացմանը:
Մին 2017 թվականը Վենեսուելայում քաղցը հասել էր մի մակարդակի, որ բնակչության գրեթե 75 տոկոսը կորցրել էր միջինում ավելի քան 8 կգ քաշ: 2019 թվականի ՄԱԿ-ի զեկույցի համաձայն վենեսուելացիների 94 տոկոսն ապրում էր աղքատության մեջ: 2015 թվականից ի վեր ավելի քան 7,7 միլիոն մարդ լքել է Վենեսուելան։
Եվ սա Վենեսուելան է՝ ՕՊԵԿ-ի հիմնադիր անդամներից մեկը։ Երկրի մեծ կախվածությունը բնական պաշարների արտահանումից, եկամուտների սխալ կառավարումը, կոռուպցիան և տնտեսությունը չդիվերսիֆիկացնելը հանգեցրին նման աղետալի արդյունքների։
Բնական պաշարների անեծքի այլ բացատրությունները կապված են եկամտային անհավասարության, հարստության կուտակման և իշխանության կենտրոնացման, կոռուպցիայի, ինստիտուտների ոչ ադեկվատ գործունեության և այլնի հետ: Ռեսուրսներով անիծված տնտեսության լավ օրինակ է Նիգերիան՝ Աֆրիկայի ամենամեծ նավթ արտահանողը: Չնայած իր հսկայական նավթային և հանքային պաշարներին, Նիգերիան նույնպես բախվում է ծայրահեղ աղքատության, կոռուպցիայի և քաղաքական անկայունության: Նավթային եկամուտները նիգերիացիների մեծամասնության համար այդպես էլ ավելի լավ կենսապայմանների չեն վերածվել: Այսօր Նիգերիային է պատկանում աղքատության համաշխարհային մայրաքաղաք լինելու սարսափելի տարբերակումը:
Ինչ վերաբերում է ռեսուրսների անեծքին, ապա միայն նավթով հարուստ երկրները չէ, որ բախվում են նման մարտահրավերների: Ռեսուրսների անեծքից տուժած երկրների ցանկը բավական ընդգրկուն է։ Ուստի հարց է առաջանում․ արդյո՞ք բնական պաշարներով /ռեսուրսներով/ հարուստ երկրները դատապարտված են: Արդյո՞ք սա արատավոր շրջան է, որից ոչ ոք չի կարող խուսափել:
Ինչպես պարզվում է՝ ելք կա։ Երկրները, ինչպիսիք են Մալայզիան, Բոտսվանան և Թաիլանդը, քանիցս են ցուցադրել, թե ինչպես կարելի է ռեսուրսների անեծքը վերածել օրհնության: Այս երկրներն աշխարհին ներկայացրել են ռեսուրսների վրա հիմնված հաջող զարգացման բանալին, որն, ըստ երևույթին, ներառում է առողջ քաղաքականություն ու բարենպաստ ինստիտուտներ։ Մալայզիան, Բոտսվանան և Թաիլանդն իրենց ռեսուրսներից ստացված եկամուտները ներդրել են և շարունակում են ներդնել տնտեսության ավելի արդյունավետ և դինամիկ ոլորտներում, դիվերսիֆիկացրել են իրենց տնտեսությունները, ներդրումներ են կատարել մարդկանց վրա /մարդկային կապիտալի ձևավորման վրա/, ինչպես նաև բարելավվել են քաղաքական և դատաիրավական համակարգերը։ Այս երկրները հանդիսանում են հրաշալի օրինակ, թե ինչպես կարելի է բնական պաշարներից ստացված եկամուտները ճիշտ օգտագործել և հասնել աննախադեպ տնտեսական աճի և զարգացման։
Ռեսուրսների անեծքի մասին կարող եք ընթերցել նաև՝ Barbier, Edward (2006). Natural Resources and Economic Development.
Kommentare