Ցորեն՝ քաղաքակրթությունների կառուցողն ու կործանողը
Ցորենը դարեր շարունակ եղել է աշխարհի ամենակարևոր մշակաբույսերից մեկը՝ նպաստելով կայսրությունների վերելքին և անկմանը։ Այն ձևավորել է առևտրային ուղիներ, հզոր տերություններ և որոշել ազգերի ճակատագիրը։
Ցորենի ազդեցությունը Հին Եգիպտոսում և Հռոմում
Հին Եգիպտոսը, իր Նեղոսի հարուստ հողերով, դարձավ գյուղատնտեսական հզոր կենտրոն։ Ցորենի առատությունը նպաստեց քաղաքաշինությանը, բանակի հզորացմանը և միջազգային առևտրին։ Եգիպտոսը նույնիսկ օգտագործում էր ցորենը որպես արժույթ, ինչի շնորհիվ դարձավ կարևոր աշխարհաքաղաքական դերակատար։
Սակայն այս առատությունը նաև վտանգ էր պարունակում։ Երբ Եգիպտոսը թուլացավ, Հռոմեական կայսր Օգոստոսը նվաճեց այն՝ դարձնելով Եգիպտոսը Հռոմի «հացի զամբյուղը»։ Ցորենի հոսքը դեպի Հռոմ հնարավորություն տվեց կայսրերին ստեղծել մեծ բանակներ և պահպանել կայսրության երկարատև կառավարումը։
Ցորենից կախվածությունն ու դրա հետևանքները
Հռոմն ու մյուս կայսրությունները մեծապես կախված էին ցորենի հեռավոր մատակարարներից։ Ցորենի մատակարարումների խափանումները, որոնք պայմանավորված էին պատերազմներով, ծովահենությամբ կամ վատ բերքով, հանգեցնում էին տնտեսական ճգնաժամերի և սոցիալական խռովությունների։ Այս կախվածությունը դարձնում էր կայսրությունները խոցելի, և հաճախ հենց ցորենի պակասն էր նպաստում դրանց անկմանը։
Ցորենի ազդեցությունը պատմության մեջ
Ցորենը ոչ միայն կառուցեց և կործանեց կայսրություններ, այլև փոխեց ողջ հասարակական համակարգերը։ 14-րդ դարի սառնամանիքներն ու անձրևները նվազեցրին ցորենի պաշարները Եվրոպայում, ինչը հանգեցրեց 1315-1317 թթ. Մեծ սովին։ Արդյունքում, ընկավ մարդկանց դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ։ Եվ ահա 1347-1351 թթ., երբ սկսվեց Սև մահը, այն խլեց միլիոնավոր կյանքեր՝ կտրուկ փոխելով Եվրոպայի հասարակական կառուցվածքը։ Մահացավ Եվրոպայի բնակչության 30-60%։
Մեծ սովի և ժանտախտի արդյունքում ոչ միայն նվազեց աշխատուժը, այլև կտրուկ աճեցին աշխատավարձները։ Սա հիմք դրեց նոր միջին խավի ձևավորմանը, ինչն էլ իր հերթին թուլացրեց ֆեոդալական համակարգը։
Ցորենի դերը ժամանակակից աշխարհում
Ցորենի կարևորությունը շարունակվեց նաև նոր ժամանակներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն Մարշալի պլանի շրջանակներում մատակարարեց մեծ քանակությամբ ցորեն Եվրոպային՝ օգնելով հաղթահարել սննդի պակասը և վերականգնել տնտեսությունները։
2010-2012 թթ. Արաբական գարունը ևս մեկ անգամ ընդգծեց ցորենի դերի կարևորությունը։ Ցորենի գների բարձրացումը հանգեցրեց քաղաքական անկայունության՝ Թունիսի և Եգիպտոսի բողոքի ցույցերին և հեղափոխություններին։ Հետագայում՝ 2022 թ., Ռուսաստա-Ուկրաինական հակամարտությունը խաթարեց ցորենի համաշխարհային մատակարարումները, ինչը կրկին ընդգծեց ցորենի առևտրի գլոբալ նշանակությունը։
Անորոշ ապագա
Կլիմայի փոփոխությունը և բնակչության աճը շարունակում են սպառնալ ցորենի մատակարարումներին։ Սակայն տեխնոլոգիական առաջընթացը, ճշգրիտ գյուղատնտեսության զարգացումը կարող են նպաստել կայուն լուծումներ գտնելուն։ Ի վերջո, ցորենի առևտուրը մարդկության քաղաքակրթության պատմության անբաժանելի մասն է և կմնա այդպիսին։
Ցորենի մասին ավելի մանրամասն կարող եք դիտել այստեղ
Comments