Օդի առևտուրը վարածում է աշխարհի ամենահիմնական ռեսուրսներից մեկը շքեղության ապրանքի։ Հյուսիսային Ամերիկայի ժայռոտ լեռներից մինչև Նոր Զելանդիայի կանաչ հովիտներ՝ մաքուր օդը որսվում, սեղմվում և առաքվում է ամբողջ աշխարհով մեկ: Գաղափարն ինքնին տարօրինակ է թվում, ոչ ավել, ոչ պակաս օդ է առաքվում աշխարհի տարբեր ծայրեր։ Իսկ ինչպե՞ս մարդկությունը հասավ այս կետին:
1997 թվականի Կիոտոյի արձանագրությունը շրջակա միջավայրի պաշտպանության մասին առաջին գլոբալ համաձայնագիրն էր, որով հիմնվեց ջերմոցային գազերի արտանետումների քվոտաների միջազգային առևտրի մեխանիզմները։ Կիոտոյի արձանագրությամբ ստեղծվեցին առևտրի համակարգեր, որոնք թույլ տվեցին ընկերություններին առևտուր անել ջերմոցային գազերի՝ ածխածնի արտանետումների քվոտաներով՝ անուղղակիորեն ապրանքայնացնելով օդը։ Այս համակարգը ստեղծեց նախադեպ՝ դիտարկելու օդը որպես առևտրային ակտիվ կամ ապրանք։ Շատ երկրներ գործարկեցին արտանետումների առևտրի համակարգեր՝ գնահատելու ջերմոցային գազերի արտանետումները և բնականաբար առևտուր անելու։ 2023 թվականին քվոտաների վաճառքի գլոբալ շուկան գնահատվում էր 949 միլիարդ դոլար, և ընկերությունները մեծ օգուտներ էին քաղում ջերմոցային գազերի քվոտաների վաճառքից։
Ընդհանուր առմամբ, քվոտաների համակարգը ստեղծված է խրախուսելու ցածր արտանետումային տեխնոլոգիաների ներդրումը, սակայն համակարգն ունի լուրջ թերություններ. ընկերությունները, որոնք պարզապես գնում են քվոտաներ, մեծ հաշվով խուսափում են բարեփոխումներ կատարելուց։ Բարեփոխումներն ու նոր տեխնոլոգիաների ներդրումները հաճախ հսկայական ֆինանսական բեռ են ընկերությունների համար, և քվոտա գնելով շատ ընկերություններ հետաձգում են իրական բնապահպանական բարեփոխումներ կատարելուց։
Քվոտաների վաճառքը, սակայն, օդի հետ կապված միակ շուկան չէ, որն արագ աճում է։ Օդը մաքրող սարքերի պահանջարկը զգալիորեն աճեց 1990-ականներին և 2000-ականներին, իսկ COVID-19 համաճարակն էլ ավելի արագացրեց նման սարքերի պահանջարկը։ 2023 թվականին օդը մաքրող կամ օդը ֆիլտրող սարքերի համաշխարհային շուկան գնահատվում էր 15.3 միլիարդ դոլար։ Նորագույն մոդելները ներառում են առաջադեմ ֆիլտրման համակարգեր, ինչպիսիք են ակտիվացված ածխածնի ֆիլտրերը և UV-C լույսը կամ ուլտրամանուշակագույն ճառագայթների կիրառմամբ օդը մաքրող սարքերը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների կիրառմամբ օդը մաքրող սարքերի շուկան միայն 2022 թվականին գնահատվել է 1.4 միլիարդ դոլար, և կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը կհասնի 4.4 միլիարդ դոլարի։ Այսինքն նման սարքերի շուկան էլ է տեմպով աճում։
90-ականներին և 2000-ականներին քաղաքային օդի որակի վատթարացման պայմաններում մաքուր օդի պահանջարկն աճեց: Առաջ եկան ստարտափներ, որոնք առաջարկում էին ոչ միայն անհատական օդի զտիչ համակարգեր, այլև շարժական թթվածնային սարքեր: Սա ամրապնդեց օդի՝ որպես ապրանքի գաղափարը և հիմք դրեց օդի՝ որպես ապրանքի առևտրի զարգացմանը: Եվ ահա շուկայում հայտնեց մի ապրանք։ Եվ այդ ապրանքը պարզապես… Օդն էր:
2000-ականների սկզբին շշալցված օդը սկսեց ի հայտ գալ որպես նորույթ: Կանադական, Ավստրալական և Շվեյցարական ընկերությունները սկսեցին փաթեթավորել մաքուր օդ իրենց անարատ բնությունից և այն վաճառել փոքր տարաներով՝ հիմնականում այնպիսի շուկաներում, ինչպիսիք են Չինաստանն ու Հնդկաստանը, որտեղ օդի աղտոտվածությունը բավական մեծ խնդիր է: Այս ապրանքները, ի նկատի ունեմ շշալցված օդը, նման շուկաներում վաճառվում էին որպես շքեղության ապրանքներ: Սցենարը շատ նման է շշալցված ջրի արդյունաբերությանը, որը ժամանակին նույնքան տարօրինակ էր թվում, բայց ի վերջո դարձավ լայն պահանջարկ ունեցող արտադրանք: 2015 թվականին ընկերությունները վաճառում էին շշալցված օդի տարաները՝ կախված չափից, 14-ից 20 դոլարով:
Օդ ներկրող երկրներում օդ մաքրող սարքերը և առավել ևս շշալցված օդը դիտարկվում է որպես շքեղություն ապրանք, որը նախատեսված է ավելի հարուստ մարդկանց համար, ովքեր պատրաստ են վճարել մաքուր օդի համար: Այնուամենայնիվ, այն դեռևս լայն տարածում չունի: Այսպիսի ապրանքը գրավում է այն սպառողներին, ովքեր մաքուր օդն ասոցացնում են ավելի լավ առողջության և բարեկեցության հետ:
Իհարկե, օդի առևտուրը մի շարք էթիկական և բնապահպանական հարցեր է առաջացնում: Շատերը պնդում են, որ օդը՝ որպես մարդու առաջնային անհրաժեշտություն, չպետք է դառնա շքեղություն միայն այն մարդկանց համար, ովքեր կարող են դա թույլ տալ: Բացի այդ, ներկայումս չկա գլոբալ համակարգ, որը կկարգավորեր բուն օդի առևտուրը, և երկրները ստիպված կլինեն մշակել նոր կանոնակարգեր, որոնք հավասարակշռում են մի կողմից կոմերցիոն շահերը և մյուս կողմից հանրային առողջության պաշտպանության կարիքները: Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ ապագայում օդի առևտուրը կդառնա ֆորմալացված շուկա՝ ջրի կամ էներգիայի նման։
Անկախ այն հանգամանքից՝ արդյոք օդը մի օր դառնալու է համաշխարհային մասշտաբով առևտրային ապրանք, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ՝ արդյոք չարժե՞ ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել և մաքրել արդեն եղած օդը: Շատ երկրներ արդեն իսկ գիտակցում են մաքուր օդի կարևորությունը և լուրջ քայլեր են ձեռնարկում օդի աղտոտվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մի շարք կառավարություններ ձեռնարկում են համարձակ քայլեր՝ ստեղծելով մաքուր օդի գոտիներ, խթանելով հասարակական տրանսպորտի օգտագործումը, զրոյական արտանետումներով մեքենաների կիրառումը և վերականգնվող էներգիայի լայնածավալ ներդրումը: Նման քայլերը արագացնում են անցումը դեպի մաքուր օդ և նվազեցնում աղտոտվածությունը:
Այսպիսով, մաքուր օդի առևտրի ապագան դեռևս անորոշ է։ Բայց կարծում եմ, որ երկրները կաշխատեն ավելի կայուն լուծումներ գտնելու ուղղությամբ, որպեսզի բոլորը հավասարապես օգտվեն մաքուր օդից: Ի վերջո, մաքուր օդ շնչելը պետք է համարվի մարդու անբաժանելի իրավունք:
Օդի մասին ավելի մանրամասն կարող եք դիտել այստեղ
Comments