Որոշ ազգեր գտնում են ճգնաժամերը հաղթահարելու ուղին և բարգավաճում։ Մյուսները, ցավոք, մոլորվում են և թուլանում: Այս հոդվածը քննարկում է Ֆինլանդիայի դժվարին անցյալի և անհավանական վերելքի ուղու պատմությունը և նախադրյալները։
1939 թվականի նոյեմբերին Խորհրդային Միությունը ներխուժեց Ֆինլանդիա։ Խորհրդային Միության բնակչությունը թվաքանակով 50 անգամ գերազանցում էր Ֆինլանդիայի բնակչությանը։ Բնականաբար, Խորհրդային Միությունն ուներ զգալիորեն ավելի մեծ ու որն առավել կարևոր էր՝ տեխնիկապես ավելի զարգացած բանակ: Խորհրդային բանակի նպատակն էր գրավել Հելսինկին երկու շաբաթվա ընթացքում և տանել բլից հաղթանակ:
Հմուտ և փորձված հրամանատար Մարշալ Մաններհեյմի գլխավորությամբ Ֆինլանդիան զարմանալիորեն արդյունավետ դիմադրություն ցույց տվեց: Պատերազմի ժամանակ Ֆինլանդացիները ցուցաբերեցին անհավատալի քաջություն և տոկունություն: Պատերազմն ավարտվեց բանակցությամբ և խաղաղության պայմանագրով։ Ֆինլանդիան ստիպված եղավ իր տարածքի 10-11 տոկոսը զիջել Խորհրդային Միությանը: Բայց ինչպես փաստաթղթերը հետագայում կհաստատեն, Խորհրդային Միությունը հարձակվեց՝ հույս ունենալով ստանալ ամբողջ Ֆինլանդիան և ոչ թե դրա մի մասը:
Որոշ առումներով, այս պատերազմը միայն սկիզբն էր։ Ֆինլանդիան ստիպված էր բարդ դիրքորոշում որդեգրել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 1941 թվականին Գերմանիան ներխուժեց Խորհրդային Միություն։ Ֆինլանդիան որդեգրեց «Իմ թշնամու թշնամին իմ ընկերն է» մոտեցումը՝ դաշնակցելով Խորհրդային Միության թշնամու՝ Գերմանիայի հետ։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1947 թվականին, Ֆինլանդիան ստորագրեց Փարիզի պայմանագիրը՝ պաշտոնապես վերջ դնելով պատերազմական վիճակին:
Փարիզի պայմանագրով Ֆինլանդիան պարտավորվեց 6 տարվա ընթացքում 300 միլիոն դոլար (այսօրվա արժեքով՝ 4 միլիարդ դոլար) վճարել Խորհրդային Միությանը: Նման պահանջի կատարումը հեշտ չէր Ֆինլանդիայի պես փոքր, քայքայված և ոչ արդյունաբերական տնտեսություն ունեցող երկրի համար: Բայց ֆինլանդացիները դրսևորեցին ուշագրավ ազգային միասնություն և ինքնություն։ Ֆինլանդիայի քաղաքացիները, և հատկապես կանայք, կամավոր իրենց ներդրումն ունեցան ֆինանսական միջոցներ հայթայթելու կառավարության ջանքերում: Ֆինլանդացի կանայք նվիրաբերեցին իրենց զարդերը և այլ արժեքավոր ունեցվածքը, որպեսզի օգնեն կառավարությանը կատարել իր պարտավորությունները Խորհրդային Միության հանդեպ: Ֆինլանդացիները հստակ գիտակցում էին, որ Խորհրդային Միությանը չպետք է ևս մեկ առիթ տալ պահանջատեր լինելու և Ֆինլանդիայից ինչ-որ այլ բաներ կորզելու համար։
Միևնույն ժամանակ, հարյուր հազարավոր ֆինլանդացիներ, ովքեր տեղահանվել էին պատերազմի արդյունքում, այժմ բնակարանի, փողի և այլ աջակցության կարիք ունեին: Իսկապես ուշագրավ է, թե ինչպես են ֆինլանդացիները կառավարել փախստականների հոսքը։ Տարբեր քաղաքներում ֆինլանդացիները մեծահոգաբար տարիներով ապաստան տվեցին իրնեց ազգակիցներին: Ֆինլանդացի փախստականներից անգամ մեկը չհայտնվեց փողոցում: Կարեկցանքի և հյուրընկալության այս դրսևորումը ցույց տվեց ֆին ժողովրդի ազգային միասնության աննախադեպ մակարդակը:
Ֆինլանդիայի արտաքին քաղաքականությունը և տնտեսությունը զգալի վերափոխվեցին պատերազմից հետո: Պատերազմից հետո Ֆինլանդիան բախվեց արագ փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտում իր դիրքը որոշելու մարտահրավերին: Ֆինլանդիան ընտրեց չեզոքության ուղին և որդեգրեց Խորհրդային Միության համար բարենպաստ քաղաքականություն՝ հետագա առճակատումից խուսափելու համար: Նման մոտեցումը պահանջում էր որոշակի տնտեսական անկախության և խոսքի ազատության զոհաբերում: Այնուամենայնիվ, այս մոտեցումը թույլ տվեց պահպանել Ֆինլանդիայի անկախությունը, ժողովրդավարությունը և ինքնիշխանությունը:
Հետպատերազմյան շրջանում Ֆինլանդիան կենտրոնացավ տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնման վրա՝ ջանքեր գործադրելով արդիականացնելու արդյունաբերությունը և խթանելու տնտեսական աճը: Այսօր արդեն Ֆինլանդիան ունի բավական զարգացած և դիվերսիֆիկացված տնտեսություն: Ըստ Համաշխարհային Բանկի տվյալների՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն աճել է 1940թ.-ի 1000$ մինչև 53490$ 2021 թ․-ին։ Այսպիսով, ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ֆինլանդիան։
Ֆինլանդիան կենտրոնացավ հմուտ աշխատուժի ձևավորման և արդյունաբերության զարգացման վրա։ Երկիրը կիրառեց սոցիալ-դեմոկրատիական սկանդինավյան մոդելը։ Այս մոդելը ենթադրում էր սոցիալական ապահովության համապարփակ համակարգ, որը տրամադրում է անվճար կրթություն, առողջապահություն, և աջակցություն քաղաքացիներին՝ խթանելով հավասարությունը և սոցիալական ներառականությունը: Մոդելը նաև ենթադրում է ֆունցիոնալ դեմոկրատիա, ազատ առևտուր, ցածր կոռուպցիայի մակարդակ և այլն։ Մինչ օրս, այս մոդելը նշանակալի դեր է խաղում երկրի տնտեսության և հասարակության ձևավորման կարևորագույն գործընթացներում։
Կրթություն։ Կրթությունը դարձավ Ֆինլանդիայի տնտեսական աճի անկյունաքարը: Երկրի բարձրակարգ կրթական համակարգը, զուգորդվեց ուսուցիչների մանրակրկիտ ընտրության գործընթացի հետ՝ հիմք դնելով շարունակական ուսուցման և գիտելիքների փոխանակման մի հրաշալի մշակույթի: Ֆինլանդացի ուսուցիչները բավական լուրջ մրցակցային գործընթաց են անցնում: Ապագա ուսուցիչները ընտրվում են ավագ դպրոցի և համալսարանի լավագույն ուսանողներից, ունեն բարձր սոցիալական կարգավիճակ և ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան դասախոսները: Իսկ Ֆինլանդացի դպրոցականները գրագիտության, մաթեմատիկայի և խնդիրներ լուծելու կարողություններով մշտապես գրավում են համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականները:
Տնտեսության դիվերսիֆիկացիա։ Պատերազմից հետո Ֆինլանդիան հստակ քայլեր ձեռնարկեց տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ և սկսեց աստիճանաբար զարգացնել տարբեր տնտեսության ճյուղեր՝ ապահովելով կայուն տնտեսական աճ: Ռազմավարական ներդրումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրոնիկան, հեռահաղորդակցությունը և մեքենաշինությունը, նպաստեցին տեխնոլոգիայի վրա հիմնված Ֆինլանդիայի բարգավաճող տնտեսությանը:
Ներդրումներ։ Ֆինլանդիայի մասնավոր և պետական ներդրումները հետազոտությունների և զարգացման ուղղությամբ կազմում են երկրի ՀՆԱ-ի 3,5%-ը, ինչը գերազանցում է Եվրոպական միության այլ երկրների ներդրումների մակարդակը: Հետազոտության և զարգացման ոլորտում զգալի ներդրումներով, ճիշտ տնտեսական քաղաքական միջամտություններով, սխալներից դասեր քաղելու պատրաստակամությամբ՝ Ֆինլանդիան ստեղծեց այնպիսի միջավայր, որը հանգեցրեց Nokia-ի նման համաշխարհային հսկաների վերելքին:
Շուկաներ։ Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ֆինլանդիայի աշխարհաքաղաքական լանդշաֆտում սկսվեցին մեծ փոփոխություններ: Ֆինլանդիան արագ օգտվեց ընձեռված հնարավորություններից։ 1995 թվականին Ֆինլանդիան միացավ Եվրամիությանը, ինչն էլ հնարավորություն տվեց օգտվել մեծ, ինտեգրված և հարուստ եվրոպական շուկայից: Ֆինլանդական ապրանքների արտահանման համար ստեղծվեց աննախադեպ հնարավորություն։ Այսօր Ֆինլանդիան ունի հզոր արդյունաբերական բազա և արտահանմանն ուղղված տնտեսություն:
Ենթակառուցվածքներ։ Ֆինլանդիան մեծ ներդրումներ է կատարել և շարունակում է ներդնել ժամանակակից ենթակառուցվածքներում: Վերջին տարիներին Ֆինլանդիան հայտնվել է թվայնացման առաջնագծում և ձեռք է բերել համաշխարհային համբավ՝ որպես նորարարության կենտրոնի:
Այսօր Ֆինլանդիայի տնտեսությունը համարվում է Եվրոպայի ամենակայուն տնտեսություններից մեկը։ Երկիրն ունի ցածր պարտքի բեռ, կայուն արժույթ և լավ կրթված աշխատուժ, ինչպես նաև՝ կոռուպցիայի ցածր մակարդակ, քաղաքական կայունություն և իսկապես գործող ժողովրդավարություն, ինչը նպաստավոր միջավայր է ստեղծում տնտեսական աճի և օտարերկրյա ներդրումների համար: ֆինլանդացիները պարբերաբար հայտնվում են առաջին հորզոնականում՝ որպես աշխարհի ամենաերջանիկ ազգը:
Լատինական ասացվածքն ասում է. «Փշերի միջով դեպի աստղեր»: Տնտեսական և ազգային հաջողության ճանապարհները անհերքելիորեն բարդ են և հղի դժվարություններով: Բայց Ֆինլանդիան ցույց է տվել, որ ամենաանհասանելի թվացող նպատակներն անգամ կարելի է իրականություն դարձնել կամքի և որոշակի հանգամանքների առկայության դեպքում:
Կարող եք ընթերցել նաև Diamond, Jared (2019). Upheaval: Turning Points for Nations in Crisis. Little, Brown and Company.
Comments